«Սա բնական քաղաքական գործընթաց է՝ այստեղ ինտրիգներ փնտրել պետք չէ». Իշխան Սաղաթելյան․ 168.am

Նախօրեին Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Սպասվում է, որ կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

168.am-ը այդ կապակցությամբ հարցեր ուղղեց Ի. Սաղաթելյանին:

-Պարոն Սաղաթելյան, ՀՅԴ գրասենյակում երկու օր է` շարունակվում են քաղաքական ուժերի քննարկումները։ Հաջողվե՞լ է արդյոք որևէ կոնկրետ բանի շուրջ համաձայնության հասնել, որովհետև մամուլում կան իրարամերժ տեղեկություններ։

-Հայաստանի ընդդիմադիր դաշտը երբեք այսքան միասնական և համերաշխ չի եղել, որքան այս օրերին։ Պատերազմի առաջին օրվանից ընդդիմությունը ցուցաբերել է բացառիկ կեցվածք, որի շարունակությունն էլ հենց այս գործընթացներն են։ Այո, քաղաքական խորհրդակցություններ եղել են և դրանք շարունակվում են։

Իրավիճակը շատ զգայուն է՝ բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է և Շուշին։ Մեր ցանկացած հայտարարություն միտված է լինելու ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելուն։

-Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում շրջանառվող տեղեկությունները, որտեղ նշվում են կոնկրետ գործիչների անուններ, ովքեր հրաժարվել են միանալ ձեր նախաձեռնությանը, կամ առաջարկել են դադարեցնել քննարկումները։

-Նման լուրերը տվյալ «լրատվականի» հիմար երևակայության արդյունքն են։ Նման հրապարակումով փորձում են պղտորել մթնոլորտը և ձախողել պրոցեսը։ Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ սա բնական քաղաքական գործընթաց է՝ այստեղ ինտրիգներ փնտրել պետք չէ։