ՄԻԵԴ-ը նշել է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված բազում հարցեր, ներառյալ` տարածքային ամբողջականությանը վերաբերող, գտնվում են Դատարանի իրավասություններից դուրս

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է. «2020 թվականի հոկտեմբերի 18-ին, Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մեկ այլ դիմում է ներկայացրել՝ հիմնականում Ադրբեջանին մեղադրելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ թույլ տալու մեջ` ռազմագերիների և հակամարտության ընթացքում գերեվարված այլ անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մասով: Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի կառավարությունը իր հերթին դիմում է ներկայացրել Հայաստանի դեմ՝ մասնավորապես բարձրացնելով տարածքային ամբողջականության (հայկական զորքերի դուրսբերում, Հայաստանի կողմից Արցախի Հանրապետությանը ֆինանսական և ռազմական աջակցության դադարեցում, կամավորական ջոկատների ուղարկման դադարեցում – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) և քաղաքացիական օբյեկտների հարձակման երթարկվելու հարցերը:

ՄԻԵԴ-ը նշել է, որ բարձացված բազում հարցեր (ներառյալ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) գտնվում են Դատարանի իրավասություններից դուրս: Ինչ վերաբերում է անհատների Կոնվենցիայով ապահովվող իրավունքներին, ՄԻԵԴ-ը վերահաստատել է սեպտեմբերի 29-ի և հոկտեմբերի 6-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները, որտեղ ոչ միայն նշվում է քաղաքացիական բնակչության իրավունքների մասին, այլև կոչ է արվում ներգրավված կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Վերջինս վերաբերում է նաև այն անձանց կոնվենցիոն իրավունքներին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ նրանց, ում իրավունքները այլ կերպ կարող են խախտվել։

Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը, վերահաստատելով, որ իր իրավասության ներքո գտնվող հարցերը արդեն ներառված են կիրառված միջանկյալ միջոցների մասին որոշումներում, նոր ընդհանուր բնույթի միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի գտել:

Ինչ վերաբերում է առանձին գերիների վերաբերյալ ներկայացված դիմումներին, որոնք ներկայացվել են ինչպես ՀՀ կառավարության կողմից այնպես էլ անհատական դիմումների տեսքով, Դատարանը որոշել է կասեցնել միջանկյալ միջոցի դիմումների քննությունը և պատասխանող կողմին (Ադրբեջանին – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) հրավիրել է տեղեկություն տրամադրել, թե արդյո՞ք նշված անձինք գերի են ընկել, եթե` այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում և արդյոք նրանք ենթարկվել են բժշկական հետազոտության կամ բուժման:

ՄԻԵԴ-ը նշված դիմումները պահում է իր ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ ՄԻԵԴ-ը նշել է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված կամ ձերբակալված անձանց պաշտպանության միջազգային այլ մեխանիզմների առկայության մասին և կոչ անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվորեն կիրառել դրանք»։