Եվրոպայի խորհուրդը վաղուց է բարոյական, արժեհամակարգային ճգնաժամի մեջ, Պարոն Մնացականյանի խոսքին չանսալը դրա խորացումն է լինելու

Երբ ասում եմ պոռնիկ Եվրոպա, նկատի չունեմ Եվրոպայի յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքական գործչի, յուրաքանչյուր պետության: Նկատի ունեմ Եվրոպան իր ամբողջության մեջ` որպես համաշխարհային քաղաքականության դերակատար, նկատի ունեմ եվրոպական համապատասխան կառույցները, որոնք միջազգային ահաբեկիչների ընդգրկմամբ Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիայի շարունակական դրսևորումների նկատմամբ վերաբերմունքով իրենց քաղաքական պոռնկությունն առավել ակներև դարձրեցին:

Գիշերը ծանոթացա նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին: Դրա արդյունավետությանն այժմ գնահատական չեմ տա, որոշ ժամանակ անց արդեն կարձանագրեմ փաստը, այսինքն` արդյունքը կամ արդյունքի բացակայությունը: Այնուհանդերձ, հարկ եմ համարում ընթերցողներին ներկայացնել հիշյալ ելույթի հետ կապված որոշ դիտարկումներ, մեկնաբանություններ ու հարցեր:

Կարո՞ղ է որևէ մեկն անկեղծորեն ասել, վստահեցնել` Եվրոպայի խորհրդից կարո՞ղ ենք ստանալ այն արդյունքը, որը նրանից ակնկալում են Զոհրաբ Մնացականյանը ու, նրա հետ միասին, աշխարհի բազմաթիվ հայեր: Եթե այո, շատ ուրախ կլինենք, բայց, ինչպես ասում են, կապրենք` կտեսնենք:

Արդյոք ճի՞շտ է արել ՀՀ արտգործնախարարը, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումների առնչությամբ իր ելույթով դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, Եվրոպայի խորհրդին:

Այո՛, ճիշտ է արել, հակառակ պարագայում վաղն ասելու էին` չեք դիմել, միջոցներ չենք ձեռնարկել, մեզանից ի՞նչ եք ուզում, մինչդեռ երբ ՀՀ արտգործնախարարի այս ելույթն առկա է, անգործություն ցուցաբերելով` Ադրբեջանին չսանձելով, նրա նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ չկիրառելով, իրենց քաղաքական պոռնկությունը` այդ հարցում հայության դեռ չհամոզված մասի համար դարձնելու են ակնհայտ:

Անշուշտ, գնահատելի է ու դրվատանքի արժանի, որ Զոհրաբ Մնացականյանը թեկուզ շատ մեղմորեն (ըստ իս, կարող էր ավելի խիստ արտահայտվել), բայց իր ելույթի հենց սկզբում, ըստ էության, արձանագրել է, որ Եվրոպայի խորհուրդն առ տվյալ պահը երկակի ստանդարտներով է առաջնորդվել, այդ մասին դիվանագիտորեն հայտնել է նիստը նախագահողին ու նստաշրջանի մյուս մասնակիցներին: Ահավասիկ.

«Պարոն նախագահող,

Ես միանում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակի հիշատակմանը, որը հարյուր միլիոնավոր եվրոպացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում անկյունաքարային փաստաթուղթ է։ Մենք կիսում ենք Եվրոպայի խորհրդի տեսլականը, որ Կոնվենցիան պետք է պաշտպանի բոլոր եվրոպացիներին՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից: Սակայն, ցավոք, դա այդպես չէ» (ընդգծումը` մերը)։

Հասկանալի է, որ Կոնվենցիայի մեղքը չէ, որ այն բոլոր եվրոպացիների իրավունքները և ազատությունները չի պաշտպանում, այլ Եվրոպայի խորհրդինը, որը պետք է հետևերԿոնվենցիայով նախատեսվածի կատարմանը, իսկ որ այդ մարմինը որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, արցախցիների ոտնահարված իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում գործնականում անտարբերություն և անգործություն է դրսևորել ու դրսևորում, փաստ է ու վկայությունն է հենց նրա, որ Եվրոպայի խորհուրդը երկակի ստանդարտներով է առաջնորդվում:

«Սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ` Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, որն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով` ուղղված Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը,- իր ելույթում նշել է ՀՀ արտգործնախարարը:- Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է:

Տասնյակ հազարավոր մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ տեղահանված են, նրանց տները, ենթակառուցվածքները, կրոնական հաստատությունները՝ ավերված:

Ադրբեջանի զինված ուժերի և իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։

Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես ահազանգել է Գլխավոր քարտուղարը»։

Նշելով, որ Հայաստանն իրապես կիսում է Գլխավոր քարտուղարի (հավանաբար նկատի ունի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին), նաև Մարդու իրավունքների հանձնակատարի և ԵԽԽՎ դիրքորոշումները, գնահատականները, հայտարարությունները, Զոհրաբ Մնացականյանն ասել է.

«Սակայն հայտարարություններն այլևս բավարար չեն:

Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը…:

Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը, ինչը նույնպես մատնանշել է Եվրոպական դատարանը: Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, իսկ այժմ էլ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերը պետք է հասցեագրվի» (ընդգծումները` մերը)։

Նկատենք, որ եվրոպական կառույցների հայտարարությունները նախկինում էլ բավարար չէին…Եվ հաջորդը` նախարարի այս խոսքից կարճ ժամանակ հետո պարզ կդառնա (տողերիս հեղինակի և շատ ուրիշների համար պարզ է…), թե Եվրոպայի խորհուրդը, ԵԽ Նախարարների կոմիտեն, ԵԽԽՎ-ն ու մյուսները հայտարարություններից այն կողմ կանցնե՞ն, թե ոչ, և եթե չանցնեն` ՀՀ իշխանությունների առջև հայերս պետք է հարց բարձրացնենք` մեր ինչի՞ն են պետք այդպիսի եվրոպական կառույցները…

Կարևոր է նաև այն, որ ՀՀ արտգործնախարարը հենց ինքն է արձանագրել  եվրոպական կառույցներում խորը ճգնաժամի առկայությունը.

«Հորդորում եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հակամարտության գոտիներ անարգել մուտք ապահովելու համար: Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Խաղաղության ու բարգավաճման, Եվրոպայում առավել լայն միասնության ժառանգությանը: Սակայն այս շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին» (ընդգծումը` մերը)։

«Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով,- իր ելույթի եզրափակիչ մասում ասել է Զոհրաբ Մնացականյանը:- Ադրբեջանն այժմ խախտում է այդ հանձնառությունը և բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Կազմակերպությունը պետք է հասցեագրի այս խախտումը:

Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, և դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք: Հակառակը՝  ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը»:

ՀՀ արտգործնախարարը «բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է» ասելով հավանաբար նկատի ունի այն, որ «համաշխարհային հանրություն» կոչվածը պատերազմի սկզբից ի վեր, աչք է փակում ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների նկատմամբ: Եթե այլ բան նկատի ունի, ԱԳՆ-ից ակնկալում ենք համապատասխան պարզաբանում:

Ինչ վերաբերվում է նրան, որ հակառակը ճգնաժամն է, Եվրոպայի խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը, ապա ընդգծենք, որ հակառակը ոչ թե ճգնաժամն է, այլ այդ ժգնաժամի խորացումը և ակնհայտ դառնալը նրանց համար, ովքեր այդ ժգնաժամը մինչև այժմ դեռ չեն տեսել:

Անառարկելի փաստ է, որ Եվրոպայի խորհուրդը և եվրոպական այլ կառույցներ, Եվրոպան ինքը վաղուց բարոյական և արժեհամակարգային ճգնաժամի մեջ են, ինչի վկայություններից են նաև Եվրոպայի խորհրդի ցնկնած Ստամբուլյան կոնվենցիան, եվրոպական բազմաթիվ երկրների կողմից նշված կոնվենցիայի ստորագրումն ու վավերացումը, դրանով ԼԳԲՏ անձանց այլասերման քարոզի և անթույլատրելի այլ իրավունքներ տալը և այլն, և այլն: Մարդկանց աչքերը գնալով բացվում է, ու շատերն արդեն գիտեն եվրոպական համապատասխան կառույցների պոռնիկ էությունը: Երբ դրանց մասին խոսք է լինում, միշտ հիշում եմ լուսահոգի հայ գրող, բժիշկ, ազգային գործիչ Ռուբեն Սևակի հանճարեղ բնորոշումը.

«Եվրոպան` այդ

Դիվանագետ պոռնիկը,

Ոսկի կցանե, որպեսզի

Բոզություն հնձե»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան