Էրդողանի նյարդերը տեղի տվեցին, լսվեց գորշ գայլի առայժմ թույլ գռմռոցը, ու սա միանգամայն սպասելի էր

Ադրբեջան տեղափոխվելու, հայերիս դեմ պատերազմելու համար Սիրիայում նախապատրաստվող  ահաբեկիչների ճամբարներին ՌԴ օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) հարվածներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գնալով թողնում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության իրական և ընդհատակյա ղեկավարի տպավորություն, չէր կարող երկար դիմանալ ու չարձագանքել:

Չէր կարող, որովհետև այդ հարվածները Թուրքիայի առաջնորդի համար բավականաչափ ցավոտ են` և՛ գործնական առումով, քանի որ հիշյալ ահաբեկիչների հետ մեծ հույսեր է կապում Արցախի և Հայաստանի դեմ և, ընդհանրապես, իր նեոօսմանական ծրագրերի իրականացման գործում, և՛ քաղաքական առումով, քանի որ նրանց ոչնչացումից որոշակի շրջանակներում տուժում է իր իսկ կողմից կերտված զորեղ առաջնորդի, ըստ էության, մերօրյա ֆյուրերի կերպարը:

Ինչպես արդեն նշել ենք «Ադրբեջանում ահաբեկիչներին Ռուսաստանի հարվածի սպասումով (տեսանյութեր)» վերտառությամբ մեր հրապարակման  մեջ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 2 СУ-34 կործանիչ- ռմբակոծիչներ և 2 СУ-24М ճակատային ռմբակոծիչներ հոկտեմբերի 16-ին խորտակիչ հարվածներ են հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգում, Քաֆեր- Դիբինից 2 կմ հարավ տեղակայված և Արցախ ուղարկելու համար ահաբեկիչների պատրաստման մեծ վարժական ճամբարին:

Սիրիայում, մասնավորապես Իդլիբում ահաբեկիչների (նրանք, ի դեպ, ընդդիմություն են նաև Ասադին ու նրա վարչախմբին) վարժական ճամբարներին Ռուսաստանի ՕՏՈւ-ի հարվածները շարունակվել են նաև դրանից հետո: Հոկտեմբերի 28-ին Էրդողանն այլևս չի դիմացել և, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, Ռուսաստանին մեղադրել է սիրիական Իդլիբ նահանգում ընդդիմության ուսումնավարժական ճամբարի վրա հարձակման մեջ: Էրդողանը հիշյալ ճամբարի անդամներին հասկանալի պատճառով չի անվանել ահաբեկիչներ, ավազակներ, վարձկաններ, այլ` ընդդիմություն, բայց հո Ռուսաստանը և մենք բոլորս քաջ գիտե՞նք, չէ՞, թե նրանք Ասադին ընդդիմություն լինելուց բացի, ովքեր են:

Իդլիբը Սիրիայի միակ նահանգն է, որի բնակավայրերի ու տարածքի զգալի մասը դեռ վերահսկվում է ավազակախմբերի կողմից: Ռուսաստանը նշված իրողությունը մի կերպ էր հանդուրժում` Թուրքիայի հետ բախումից խուսափելու համար, ինչը թեև Թուրքիայի համար կլիներ կործանարար, բայց իր համար հաստատապես կլիներ վտանգավոր: ՌԴ-ն Թուրքիայի հետ չէր առճակատվում նաև նրա հետ իր համագործակցությունը շարունակելու ու նշված պետության հետ կապված իր ծրագրերը չտապալելու համար:

Սակայն, Թուրքիայի կողմից ահաբեկիչների լայն ընդգրկումն Արցախյան պատերազմում, ինչպես նաև ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և Ռուսաստանի հանդեպ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած ահաբեկիչների, վարձկանների ներկայացրած լուրջ վտանգը (ինչպես հայտնի է, որոշ ահաբեկիչներ արդեն հայտնվել են Ռուսաստանում ու փորձել ահաբեկչություններ իրականացնել) ՌԴ-ին ստիպել են Սիրիայում նրանց ճամբարներին մի քանի ցավոտ հարվածներ հասցնել:

Ըստ սիրիական լրատվամիջոցների, Թուրքիայի սահմանից ոչ հեռու, Հարեմ քաղաքի մոտ գտնվող Ջաբալ Դուվեյլում ահաբեկչական խմբավորման ուսումնավարժական ճամբարի վրա ռուսական զինուժի հարվածի արդյունքում սպանվել է ավելի քան 40 գրոհային, առնվազն 60 հոգի վիրավորվել:

«Ընդդիմության ուսումնավարժական ճամբարի վրա Իդլիբի շրջանում Ռուսաստանի հարձակումը ցույց է տալիս կայուն խաղաղության և հանգստության ցանկության բացակայությունն այնտեղ,- իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթ ունենալով, ասել է Էրդողանը:

Նկատենք, որ սա, երկար ժամանակ ի վեր, Թուրքիայի նախագահի առաջին հրապարակային քննադատությունն է` ուղղված Ռուսաստանին և, ըստ էության, իր պաշտոնակցին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ քննադատության իմաստը հետևյալն է` եթե հիմա Իդլիբում (հասկանալի է, որ նկատի ունի Սիրիան ընդհանրապես…) մեծամասշտաբ պատերազմ սկսվի Թուրքիայի մասնակցությամբ, Ռուսաստա՛ն, իմացիր, որ դա ինքդ ուզեցիր, քանի որ չունեիր այնտեղ կայուն խաղաղության և հանգստության ցանկություն:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև նույն ելույթում Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր զինված գործողություն սկսել:

«Եթե ահաբեկիչները չհեռանան մեր սահմաններից, մենք գործողությունների կանցնենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը:

Պետության ղեկավարն ասել է նաև, որ Թուրքիայի զինված ուժերն ի վիճակի են «մաքրել Սիրիան բոլոր ահաբեկչական կազմակերպություններից»:

Էրդողանն «ահաբեկիչներ» ասելով, այս դեպքում նկատի ունի Սիրիայի քաղաքացի քրդերին, ընդ որում, ոչ միայն զինված անձանց, այլև խաղաղ բնակչությանը, որոնց ոչնչացնելու և տեղահան անելու ախորժակը մի կերպ է զսպում: Բայց առավել ուշագրավն այն է, որ նրանցից բացի, որպես Թուրքիայի անվտանգությանը սպառնացող, նկատի ունի նաև Սիրիային, Սիրիայի կանոնավոր բանակն ու ռազմաքաղաքական ղեկավարությանը.

«Սիրիայի կողմից մեր երկրի նկատմամբ սպառնալիքները շարունակվում են, վերջերս ահաբեկիչներ վնասազերծվեցին, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում մեր տարածքում,- ասել է Էրդողանը և խորամանկորեն ու ձևականորեն մեղադրել ԱՄՆ-ին:- Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում են նոր պատերազմական գոտի ստեղծել սիրիաիրաքյան սահմանի երկայնքով ՝ նոր ողբերգությունների ազդանշան»:

Սրանով Էրդողանը ցանկանում է ասել, որ եթե Թուրքիան պատերազմ սկսի Սիրիայի դեմ, ապա դա լինելու է ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՄՆ-ի մեղքով, հետևաբար, Ռուսաստան, մի կողմ կանգնիր, ինչու պետք է խառնվես, իսկ տողատակում` եթե միջամտես, կստացվի, որ ոչ թե Թուրքիան քո դեմ, այլ դու Թուրքիայի դեմ պատերազմ սկսեցիր:

Թուրքիան Սիրիայում 2016-2019 թթ. իրականացրել է երեք ռազմական մեծամասշտաբ գործողություն` «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր» անվանումներով: Նոր գործողությամբ Էրդողանն ու նրա ետևում կանգնած ուժերը փորձում են ռուս-թուրքական պատերազմ հրահրել ոչ միայն մեր տարածաշրջանում` այժմյան պատերազմի ընդարձակմամբ, այլև Սիրիայում, քանի որ, ըստ էության, չեն պատրաստվում առաջիկայում էլ հանդուրժել այնտեղ ահաբեկիչների ճամբարներին ՌԴ ՕՏՈւ-ի հարվածները: Հնարավոր է նաև, որ Սիրիայում պատերազմ սկսելու ակնարկով Թուրքիայի նախագահը փորձում է զգուշացնել ու զսպել Ռուսաստանին, որպեսզի վերջինս դադարեցնի ահաբեկիչների ճամբարներին հասցվող ավիահարվածները:

Կընկրկի՞ արդյոք, Ռուսաստանը, կդադարեցնի՞ Սիրայում ահաբեկիչների ճամբարներին հասցվող հարվածները` դժվար թե, համենայն դեպս, հետագան ցույց կտա ժամանակը:

 

Արթուր Հովհաննիսյան