Ադրբեջանում ահաբեկիչներին Ռուսաստանի հարվածի սպասումով (տեսանյութեր)

«Կոմերսանտ»-ը երեկ հրապարակել է շատ կարևոր տեղեկություններ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ռազմական օգնության, Թուրքիայի կողմից, նրա կազմակերպմամբ ու ջանքերով Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան վարձկան զինյալների, ահաբեկիչների տեղափոխման, այժմ ընթացող պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Այդ տեղեկությունները, թերևս, դեռ ամբողջական պատկերը չեն ներկայացնում կատարվածի և այժմ կատարվողի, այնուհանդերձ, որոշ առումներով դրանք վեր են մեր, գուցե նաև ՀՀ և Արցախի ղեկավարության պատկերացումներից:

«Հակամարտության պարտադրումը» վերտառությամբ հրապարակմամբ «Կոմերսանտ»-ը ներկայացրել է իր աղբյուրների պատմածը, թե ինչպես է Թուրքիան հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման համար: Ստորև մեջբերում ենք այդ հրապարակումը թարգմանաբար ու մասնակի կրճատմամբ.

««Կոմերսանտ»ի ռազմադիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս հակամարտության լուրջ սրումը միտումնավոր պլանավորվել ու հրահրվել է Թուրքիայի կողմից: Ըստ նրանց, անցած ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն հրահրել է Բաքվին ռազմական գործողություններ սանձազերծել` խոստանալով համապարփակ քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցություն: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի անմիջական միջամտության մասին խոսում էին ԱՄՆի և Ֆրանսիայի իշխանությունները:

«Կոմերսանտ»-ի ռազմա-դիվանագիտական ​​աղբյուրների նկարագրած պատկերը հետևյալն է. հուլիս-օգոստոսին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զինված ուժերի զգալի խմբավորումներ մնացել են Ադրբեջանի տարածքում` կոչված համակարգող և ուղղորդող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման և իրականացման գործում:

Խոսքը 600 ռազմական անձնակազմի մասին է, ներառյալ` 200 հոգուց բաղկացած գումարտակային մարտավարական խումբը, 50 հրահանգիչները Նախիջևանում, Բաքվում 90 ռազմական խորհրդականները (նրանք ռազմական գործողությունների ժամանակ կապ են ապահովել բրիգադ-կորպուս- գլխավոր շտաբ շղթայում), 120 թռիչքային անձնակազմը Գաբալայի ավիաբազայում, Դալլյարի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները, Եվլախի օդանավակայանում 50 հրահանգիչները, 4-րդ բանակային կորպուսում (Փիրեքեշքյուլ) 50 հրահանգիչները և 20 հոգին ռազմածովային բազայում և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում:

Այս խմբավորումը ներառել է հետևակի 18 մարտական մեքենա, համազարկային կրակի մեկ ռեակտիվ համակարգ, տասը ավտոմեքենա և մինչև 34 միավոր ավիատեխնիկա (ներառյալ` 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին ապահովում ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ «Կոմերսանտ»-ին տրամադրված տեղեկությունների, կտրուկ աճել է Թուրքիայի ռազմատրանսպորտային ավիացիայի դեպի Ադրբեջան (հիմնականում Վրաստանի տարածքով տարանցիկ) թռիչքների քանակը: Մասնավորապես, մարդկանց և սպառազինությունների առաքումը սեպտեմբերի 4-ին իրականացվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին ՝ CN-235 ինքնաթիռով, սեպտեմբերի 25-ին ՝ A400M ինքնաթիռով:

Սեպտեմբերի 28-30-ին ռազմական գործողությունների թեժ պահին, բացի նախկինում ժամանած ռազմական խորհրդականներից, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Կոմերսանտ»-ի աղբյուրները պնդում են, որ հենց նրանք տեղում իրականացրել են ղարաբաղյան ճակատում գործողությունների ընդհանուր ղեկավարումը:

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին, դեղորայքի և հրաձգային զենքերի մատակարարումը, ըստ նրանց, իրականացվել է CN-235 ինքնաթիռներով Եթիմեսգուտ (Անկարա)- Նասոսնայա (Հաջի-Զեյնալաբդին) երթուղով:

Անձնակազմի և զինամթերքի առաքում իրականացվել է նաև հոկտեմբերի 7-ին  Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 (TUAF737 չվերթ) ինքնաթիռով:

Հոկտեմբերի 9-ին, ինչպես ասել են «Կոմերսանտ»-ի զրուցակիցները, Աման- Բաքու երթուղով, ադրբեջանական ռազմատրանսպորտային Իլ-76ՏԴ (չվերթ AZAF002)  ինքնաթիռով դարձյալ Վրաստանի տարածքով (տարանցիկ) բերվել են 200 միավոր ԴՇԿ գնդացիրներ` զինամթերքով:

Ավելի վաղ Թուրքիան հոկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքներ կատարելու խնդրանքներ էր ուղարկել: «Կոմերսանտ»-ի աղբյուրները նշում են, որ թույլտվությունները ձեռք են բերվել:

Բացի այդ, «Կոմերսանտ»-ի զրուցակիցները հայտնել են, որ Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում ու Լիբիայում պատերազմող և Անկարայի հետ համագործակցող իսլամիստական խմբավորումներից հավաքագրում են վարձկաններ՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Վարձկաններին տեղափոխելու շղթայի գործելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է թուրքական Ազգային հետախուզական կազմակերպությունը՝ պաշտպանության նախարարության միջոցների և ուժերի աջակցությամբ:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցների խոսքերով, հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում են տեղակայվել մինչև 1300 սիրիացի զինյալներ և լիբիացի վարձկանների առնվազն մեկ խումբ, որոնց թիվը կազմում է 150 մարդ: Առաջինները տեղակայվել են իբրև հիմնականում Թերթերի ուղղությամբ՝ Բայանդուր և Գապանլի շրջաններում (Թերթերից համապատասխանաբար 5 և 10 կմ հարավ-արևելք), իսկ երկրորդները՝ Ջեբրայիլի (Ջրականի) ուղղությամբ ՝ Քարվենդի շրջանում, Բաքվից 250 կմ արևմուտք:

Հաղորդվում է, որ Սիրիայից ահաբեկիչների հավաքագրումն իրականացվում է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող և Անկարայի կողմից վերահսկվող տարածքներում, SADAT մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցների կողմից ՝ Սիրիայի ազգային բանակի (SNA) դաշտային հրամանատարների օգնությամբ: Հավաքագրման հիմնական կետերը գործում են Աֆրին, Էլ-Բաբ, Ռաս էլ-Այն և Թել- Աբյադ քաղաքներում: Նորակոչիկների հավաքը կազմակերպվում է Աֆրինում, որտեղից էլ թուրքական տրանսպորտային ընկերությունների օգնությամբ նրանց տեղափոխում են Սիրիայի հետ սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Շանլըուրֆա քաղաք (Թուրքիա): Դրանից հետո վարձկանները SADAT-ի վարձած չարտերային թռիչքներով տեղափոխվում են հակամարտության գոտի:

Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների, Անդրկովկասում պատերազմի գնալ ցանկացողներին հավաքագրողները առաջարկել են «բարձրացման նպաստ»` 1500 ԱՄՆ դոլարի չափով, և մինչև 2000 դոլարի ամենամսյա պարգևավճար:

Նրանք, նախքան Ադրբեջան գործուղվելը, վարձկաններից առգրավել են անձը հաստատող փաստաթղթերը և կապի անձնական միջոցները: Նրանց ասել են, որ իրենց ծառայությունները կպահանջվեն 3-6 ամիս տևողությամբ:

«Դեռ սեպտեմբերի 22-ին Սիրիայի ազգային բանակի 2-րդ կորպուսի կազմից Ադրբեջան էր ուղարկվել առաջին խումբը, որն անցել էր երկշաբաթյա հատուկ պատրաստություն Սիրիայում թուրք հրահանգիչների հրամանատարության ներքո»,-ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկը:

Նրա խոսքով, մինչ Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին հայտարարությունը, Ադրբեջան ուղարկվելու համար շարունակում էր ակտիվորեն կազմավորվել սիրիացի վարձկանների հերթական ջոկատը, որի անդամների թիվը հասնում էր 1500-ի: «Այս ջոկատը կազմավորվել է և ցանկացած պահի կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի շրջան»,- հավաստել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը: Խոսքը «Ֆայլակ աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրքաթ Համզա» և «Ֆիրքաթ Սուլեյման շահ» խմբավորումների անդամների մասին է:

Ավելի վաղ բրիտանական BBC ռադիոկայանը հայտնել էր, որ Թուրքիան Աֆրինից, «Ջեյշ աշ-Շամ» խմբավորման կազմից 150 զինյալ է տեղափոխել Ադրբեջան: Հոկտեմբերի սկզբի դրությամբ ևս շուրջ 2000 հոգի «Սուլթան Մուրադի բրիգադ»-ից պատրաստվում էին տեղափոխել Ղարաբաղ: Այս մասին հայտնել է նաև ամերիկյան «The Wall Street Journal» թերթը: Միևնույն ժամանակ, «Washington Post»-ի լրագրողները, վկայակոչելով սիրիացի վարձկանների հարազատներին, հայտնել են, որ նրանցից ավելի քան 50-ը զոհվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ընթացքում:

Թուրքիայի բացասական ազդեցության մասին ասել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը. «Արտաքին միջամտությունը, մասնավորապես Թուրքիայի միջամտությունը, խթանում է այս սրումը և անընդունելի է»,- ասել է նա:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանություններն օգնում են Սիրիայից զինյալներին Ադրբեջան տեղափոխելուն»:

Եվ սա դեռ ամենը չէ: Հիշենք, օրինակ, դեռ հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին հայտարարությունը:

«Ադրբեջանի կողմից առաջին անգամ այդպես բացահայտ և միանշանակ հանդես եկավ Թուրքիան,- ասել է Նարիշկինը:- Բացի այդ, Ղարաբաղում բռնկված զինված դիմակայությունը, որպես մագնիս, իր մոտ է ձգում տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտի ակտիվորեն ներթափանցում են Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական, մասնավորապես, «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ջաբհաթ ան Նուսրա», կազմակերպություններից վարձկաններ:

«Ընդ որում, խոսքը հարյուրավոր ու արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել Ղարաբաղյան նոր պատերազմում,- ասել է Նարիշկինը:- Մենք չենք կասկածում, որ միջազգային հանրության աջակցությամբ հակամարտության կողմերն ի վերջո կդադարեցնեն ուժի կիրառումը և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մեզ, սակայն, չի կարող չանհանգստացնել, որ Հարավային Կովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան» (ցավոք, դա արդեն իրականություն է.- Ա.Հ.):

Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով` Ռուսաստանում տագնապով են հետևում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության սրմանը: Ռուսաստանի համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անթույլատրելի է տարածաշրջանում նոր պատերազմը:

Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայի բերած ահաբեկիչները Ադրբեջանից թափանցեցին Դաղստան, Չեչնիա, հասան նույնիսկ մինչև Վոլգոգրադ, նրանց կողմից ահաբեկչությունների իրականացումը, բարեբախտաբար, ժամանակին կանխվել է: Հայտնի է նաև, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 2 СУ-34 կործանիչ- ռմբակոծիչներ և 2 СУ-24М ճակատային ռմբակոծիչներ երեկ խորտակիչ հարվածներ են հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգում, Քաֆեր- Դիբինից 2 կմ հարավ տեղակայված և Արցախ ուղարկելու համար ահաբեկիչների պատրաստման մեծ վարժական ճամբարին: Հուսանք, որ առաջիկայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի նմանաբնույթ գործողությունները կշարունակվեն, ընդ որում, ոչ միայն Սիրիայում, այլև Ադրբեջանում:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն` այստեղ