Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

2020թ․ հոկտեմբերի 29-ին կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ալեյնիկի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առնչվում են միջազգային ասպարեզում հայ-բելառուսական փոխգործակցության առաջմղմանը՝ Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամության և համագործակցության 2001 թվականին կնքած պայմանագրի դրույթների, ինչպես նաև բազմակողմ միավորումների և կազմակերպությունների շրջանակներում կողմերի ստանձնած փոխադարձ պարտավորությունների ներքո։

Նախարարի տեղակալ Ս.Ալեյնիկը տեղեկացվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծված ագրեսիայով պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացման մասին։ Դեսպանի կողմից նաև ներկայացվել է տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների և բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, որոնց իրականացման դեպքում, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ընթացքում, կիրառվել են արգելված սպառազինություններ ևս։

Շոշափվել են նաև Արցախի դեմ ագրեսիան և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող միջազգային արձագանքի, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ մի շարք բանաձևերին առնչվող հարցեր։

Երկուստեք վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի շարունակման անհրաժեշտությունը