Ադրբեջանի նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է. Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս միջազգային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն Արցախում հայերի էթնիկ զտումն է: Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը:

Նա հեշթեգով կոչ է արել ճանաչել Արցախը:

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Ադրբեջանի զինուժն ավիացիայի միջոցով թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը, հասցվել են ավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման հետևանքով կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի առավոտից վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը:  Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: