ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Էրդողանին «վիրավորած» քաղաքական գործչի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեքշաբթի վճռել է, որ Թուրքիան խախտել է երկրի գլխավոր ընդդիմադիր առաջնորդի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքի ազատությունը: Հայտնի է, որ թուրքական դատարանը 2012 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար քաղաքական գործչին պարտավորեցրել էր խոշոր դրամական տուգանք վճարել, գրում է Ahval-ը։

Նշվում է, որ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղավոր էր ճանաչվել խորհրդարանում իր երկու ելույթների ժամանակ Էրդողանին զրպարտելու համար:

Ընդդիմադիր առաջնորդը քննադատել էր այն ժամանակվա վարչապետ Էրդողանին՝ թուրքական ՌՕՈՒ-ի ռմբակոծության և վիճելի հիդրոէլեկտրակայանի պատվարի համար, ինչը Էրդողանին դրդել է վերջինիս դատի տալ և, ի վերջո, շահել էր դատը։

Նշվում է, որ Եվրոպական դատարանի յոթ դատավորները միաձայն որոշում են կայացրել՝ երեքշաբթի հայտարարելով, թե թուրք դատավորները «չեն դիտարկել վիրավորական դիտողությունները այն համատեքստում, որում դրանք արվել են», և Թուրքիային պարտավորեցրել է ընդդիմադիր առաջնորդին որպես վնասի փոխհատուցում վճարել մոտ 15 400 դոլար տուգանք։

Վերջին տարիներին Էրդողանը մի քանի անգամ դատի է տվել Քըլըչդարօղլուին։