Միասնության կոչ

Սիրելի հայ ժողովուրդ,

Առաջին անգամը չէ, որ մեր ազգը կանգնած է գոյաբանական պայքարի առաջ։ Պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ մեր դեմ դուրս է եկել մեզ քանակապես գերազանցող թշնամին։ Սակայն երբեք դա մեզ չի ընկճել և մենք չենք վարանել զենք վերցնել և վճռական մարտի դուրս գալ «Մահ իմացյալ անմահություն է» նշանաբանով։ Եվ ինչպես ցույց է տալիս մեր պատմական անկասելի ընթացքը, հենց այդպիսի վճռական պայքարի դուրս գալով է, որ կարողացել ենք հաղթել։ Հաղթանակները կերտվում են ռազմի դաշտում։ Սա մեր պատմության հերթական էջն է օրհասական պայքարի, որը նույնպես հաղթանակով պիտի պսակենք։

Այդ հաղթանակը բոլորիցս պահանջում է և պահանջելու է ինքնանվիրում։ Անցնող մեկ ամսվա ընթացքում հայ զինվորը մարտի դաշտում ցույց տվեց և ցույց է տալիս ամբողջ աշխարհին իր անձնազոհ նվիրումը հայրենիքին, իր ծնողներին և մեզ բոլորիս։ Հայ մարտիկը սրբորեն է կատարում իր պարտավորությունները։ Նույնպիսի սրբազան պարտականություններ ունի մեզնից յուրաքանչյուրը։ Եվ դրանցից թերևս ամենագլխավորը համազգային համախմբումն է պետականության, հայրենիքի հարատևման գերագույն գաղափարի շուրջ։ Իսկ դրա իրականացման համար յուրաքանչյուր ոք իր տեղում իր գործը պետք է անի հարյուրապատիկ, հազարապատիկ անգամ բարձր պատասխանատվությամբ և արդյունավետությամբ, հեռու մնա մեր ներքին կյանքում պառակտումներ մտցնող մտքից, խոսքից ու գործից։ Եվ այդպիսով պետք է ապահովենք մեր քաջ զինվորների թիկունքի կուռ ամրությունը։

Հակառակ դեպքում մենք դավաճանած կլինենք մեր նորօրյա հերոս նահատակ զինվորների արյամբ շաղախված և նախնիներից ժառանգված հայրենիքին։

Քրիստոս մեզ քարոզում է մարդասիրություն, միևնույն ժամանակ իր օրինակով ցույց է տալիս սրբությունը պաշտպանելու նախանձախնդրությունը՝ Աստծո տաճարից վռնդելով սրբությունը պղծողներին։ Լինելով Քրիստոսի արժանի զավակներ՝ մենք մեր պատմության ընթացքում մարդասիրության սկզբունքով ենք առաջնորդվել, ապրել։ Այս պահին էլ Քրիստոսի օրինակով պետք է հանձնառություն ստանձնեք պաշտպանելու գերագույն արժեքը, սրբություն սրբոցը՝ հայրենին հայոց։

Արդ, գործել և ապրել միայն հանուն ՀԱՂԹԱՆԱԿԻ։

Տեր Հովսեփ Քահանա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից