Նոր վարկային համաձայնագիր, որով Հայաստանին 17 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը
Այսօր՝ հերթական նիստի ընթացքում Ազգային ժողովը քննարկեց Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև այս տարվա ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այս համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին 2 ծրագրերը, որոնք ուղղված են համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը։ «Վերջին ծրագիրը, որ իրականացվել էր մինչ այժմ, ուներ 30 միլիոն դոլարի արժեք, և իրականացված ծրագրի շրջանակներում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջապահական հաստատություններ, կառուցվել են համայնքային կենտրոններ, գույքով են համալրվել մանկապարտեզներ, հանրակրթական դպրոցներ և այլն»։
Նախարարի տեղակալը նշեց, որ այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրվող լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի 17 միլիոն եվրո։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում օժանդակություն է նախատեսվում սոցիալ-տնտեսական զարգացմանը տեղական մակարդակում, միջհամայնքային սոցիալական-տնտեսական նախաձեռնություններին։ Նախատեսվում է նաև ինստիտուցիոնալ օժանդակության տրամադրում, կարողությունների գնահատում և տեխնիկական աջակցություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։ «Այս ծրագիրը մենք գնահատում ենք էֆեկտիվ, որովհետև նախկին ծրագրերը, որ իրականացվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից, էականորեն բարելավել են մեր համայնքային ենթակառուցվածքները»։