Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել

Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել, այս պահին փնտրվում է տարածք՝ համապատասխան արտադրությունը կազմակերպելու համար: Военное обозрение   թերթի տեղեկացմամբ,  այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմավարական ոլորտների արդյունաբերության հարցերով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին:

«Թուրքական կողմը պատրաստ է ներդրում անել: Նրանց մեզնից պետք է համապատասխան պահանջներով հարթակ, որտեղ իրենք կկառուցեն ձեռնարկությունը, որն էլ հետագայում կարտադրի այդ սարքերը»,- նշել է նա:

Ուրուսկու խոսքով՝ ձեռնարկությունում կաշխատեն ուկրաինացի ինժեներներ և այլ աշխատողներ, իսկ հենց ձեռնարկությունն իրավունք կստանա վաճառել անօդաչուներ ինչպես ուկրաինական, այնպես այլ շուկաներում:

Բացի դրանից, Կիևն ու Անկարան քննարկում են մի քանի համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը, որտեղ կարտադրեն հակատանկային հրթիռային համակարգեր, ավիացիոն շարժիչներ անօդաչուների, ուղղաթիռների և ինքնաթիռների համար: Ուսումնասիրվում է նաև մի շարք թուրքական նավերի կառուցման տարբերակն Ուկրաինայի համար: