Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները մեր երկնքում այսուհետ գահավիժելու են, իրավիճակ է փոխվել

Ալիևն ու Էրդողանը «Բայրաքթար»-ների կործանման լուրից հո ինֆարկտ կամ ինսուլտ չե՞ն ստացել…

Ընթացող պատերազմում, որը համարվում է 5-րդ սերնդի պատերազմ, թշնամու ժամանակավոր հաջողությունները պայմանավորող հիմնական առավելություններից մեկը իսրայելական ու թուրքական արտադրության որակյալ, մեծ հնարավորություններ ունեցող հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մեծաքանակ կիրառությունն էր: Սակայն, դատելով ամենից, արդեն իրավիճակ է փոխվել…

Դժվար խոցելի, գրեթե անորսալի անօդաչուներից մեկը թուրքական արտադրության, Ադրբեջանի կամ Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bayraktar TB2» մարտական ԱԹՍ-ներն էին: Նշենք, որ խոսքը 6,5 մ երկարությամբ մի ԱԹՍ-ի մասին է, որը կարող է բարձրանալ մինչև 8200 մետր, զարգացնել մինչև 222 կմ արագություն: 12 մետր թևերի բացվածքով «Bayraktar TB2»-ի գործողության շառավիղը հասնում է 150 կիլոմետրի, կարող է 24 ժամ շարունակ ինքնավար կերպով մնալ երկնքում, զինված է ընդհանուրը 55 կգ քաշով երկու ճշգրիտ հրթիռով և թիրախին բարձր ճշգրտությամբ խոցելու ունակ 2 ռումբով:

Մինչև օրերս որևէ տեղեկություն չկար Արցախի կամ Հայաստանի ՀՕՊ-ի կողմից դրանց խոցելու մասին, թեև և Արցախի, և ՀՀ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից ոչնչացվել, շարքից հանվել էին թշնամու բազմաթիվ ԱԹՍ-ներ: Բայց, ահա, հոկտեմբերի 19-ին հրապարակվեց առաջին և երկար սպասված տեղեկությունը Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից նույն օրը «Bayraktar TB2»-ի խոցման վերաբերյալ:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ անցած օրվա ընթացքում Արցախի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ տասնյակից ավելի «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ:

«Բացի այդ, հայկական կողմը խոցել է թշնամու այլ տեսակի անօդաչու սարքեր»,- ասել է նա:

Պետք է միայն պատկերացնել ու հասկանալ, թե ինչ է նշանակում ընդամենը մեկ օրվա ընթացքում ավելի քան տասը «Bayraktar TB2» ԱԹՍ-ների խոցումը: Վե՛րջ թշնամու գրեթե ռազմավարական առավելությանը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երեկ հրապարակելով խոցված «Bayraktar TB2»-ի լուսանկարները, նույնիսկ փոքր-ինչ հումորային կամ հեգնական երանգ պարունակող մի այսպիսի գրառում կատարեց` «Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն», դրանով թշնամուն հասկացնելով, որ որքան էլ ունենան դրանցից, Արցախի ու ՀՀ ՀՕՊ ուժերը պատրաստ են ոչնչացնել: Հետաքրքիր է` Շուշան Ստեփանյանը դրանից հետո որևէ տեղեկություն ունի՞ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի առողջական վիճակի մասին, կատաղությունից հո ինֆարկտ կամ ինսուլտ չե՞ն ստացել…

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր ներկայացրել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի հետ իր զրույցը «Բայրակթար»-ների առնչությամբ.

««Պարզ էր, որ, բացի իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերից, ադրբեջանական բանակը պայքարելու է նաև թուրքական արտադրության սարքավորումներով: Հայաստանի Հանրապետությունն ունի Ռուսաստանի կողմից տրված ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք էլ կարող են հաջողությամբ կիրառել «Բայրակթարների» կիրառության դեմ: Բացի այդ, եթե հայկական կողմն արդեն գիտի, թե ինչպես պայքարել իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ, ապա թուրքական արտադրության «Բայրակթարների» դեպքում տարբերությունն այնքան մեծ չի լինի: Նրանց դեմ կարելի է հաջողությամբ պայքարել «Օսա» զենիթահրթիռային համակարգով, որոնք իրենց լավ ցուցադրեցին նաեւ Տավուշյան մարտերի ժամանակ», – հավելում է փորձագետը: Նրա խոսքով՝ օդային պայքարում գրանցված այս հաջողությունները հայկական կողմին կարող են թույլ տալ հզոր դիրքերից հանդես գալ բանակցություններում»»:

Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ «Օսա» զենիթահրթիռային համալիրներ, ընդ որում, նաև դրանց արդիականացված տարբերակը մենք ունեինք սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից առաջ էլ, սակայն անցած օրերին չի եղել որևէ տեղեկություն դրանցով «Bayraktar TB2» խոցելու մասին:

Այն, որ հուլիսին Տավուշյան մարտերի ժամանակ ՀՀ ՀՕՊ ուժերը «Օսա» զենիթահրթիռային համալիրի արդիականացված տարբերակով կարողացել են խոցել իսրայելական արտադրության և շուրջ 30 մլն դոլար արժողության երկրորդ սերնդի հետախուզական «Hermes 900» ԱԹՍ-ն, պայմանավորված է եղել ոչ միայն նշված համալիրի հատկանիշներով ու մեր հակաօդայինների արհեստավարժությամբ, այլև «Hermes 900» ղեկավարող օպերատորի թույլ տված վճռորոշ սխալով, որից շատ արագորեն ու հմտորեն օգտվել են ՀՀ ՀՕՊ-ի զինծառայողները:

Վերը շարադրվածը նկատի ունենալով, կարելի է եզրակացնել, որ օրերս տասնյակից ավելի «Bayraktar TB2» ԱԹՍ-ների խոցումը բացառապես կամ հիմնականում կատարվել է Վլադիմիր Եվսեևի նշած` Ռուսաստանի տված ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներով, այսինքն` ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով (ՌԷՊ):

Վերոնշյալի մասին, թերևս, հուշում են նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի կողմից հրապարակված խոցված «Bayraktar TB2»-ի լուսանկարները, որոնցում պատկերված ԱԹՍ-ն համեմատաբար անվնաս է ու չի թողնում հրթիռով, «Շիլկայով»-ի կամ դրա նման զինատեսակով խոցված սարքի տպավորություն:  Կարելի է այն տպավորությունը ստանալ, որ ԱԹՍ-ի ռադիոէլեկտրոնային կառավարումը խաթարվել կամ անջատվել է, ինչ-որ կերպ կանգնեցվել է շարժիչը, և «Bayraktar TB2»-ը քարի պես գահավիժելով ներքև, ջախջախվել է:

Այնուհանդերձ, լիովին բացառել, որ օրերս Արցախում շարքից հանված տասնյակից ավելի թուրքական հիշյալ ԱԹՍ-ները չեն խոցվել ռուսական նորագույն և ոչ միայն «Bayraktar TB2»-ներին խոցելու ունակ, այլև այդ առումով արդյունավետ, այսպես կոչված, «Супер-панцир»-ների («Панцирь-СМ-СВ») կողմից կամ նաև դրանցով, չենք կարող:

Հիշենք նաև, որ առաջին «Bayraktar TB2»-ի ոչնչացման մասին տեղեկատվության հրապարակումից ընդամենը 3 օր առաջ` հոկտեմբերի 16-ին, տելեգրամյան «Инфотека24» ալիքը հայտնեց, որ Արցախի երկինքը պաշտպանելու համար նոր զենքեր են բերվել.

«Տելեգրամյան Инфотека24» ալիքի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն առաքել է ՀՕՊ նոր հզոր համակարգեր, որոնք կփակեն Արցախի երկինքը թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքերից»:

Ավելին. Արցախում նույն օրը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո այդ մասին ակնարկել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը` «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը.

«Այսօր մենք հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ։ Այս բարդ օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումն անթույլատրելի է։ Մենք շատ հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական անօդաչու թռչող սարք այլևս կյանք չի խլելու։ Ղարաբաղի հողը ԻՊ-ի բարմալեյների ատամի բանը չէ»։

Արթուր Հովհաննիսյան