Ամերիկացի փորձագետ. «Սպիտակ տունը խուսափում է հայկական կողմի օգտին խոսել»

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտության վերսկսումը վեճի հակառակ կողմերում է դնում ԱՄՆ-ին և Թուրքիային, բայց ոչ այնպես, ինչպես կարող են մտածել դիտորդների մեծ մասը, հոկտեմբերի 13-ին գրել է ամերիկյան քաղաքական մեկնաբան Էդվարդ Ստաֆորդը թուրքական «Ahval» լրատվական-վերլուծական պորտալում: Չնայած ԱՄՆ ազդեցիկ հայկական լոբբիի կոչերին, Սպիտակ տունը խուսափեց ընտրել հայկական կողմին, և փոխարենը միացավ Ռուսաստանին և Ֆրանսիային՝ ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու այլ համանախագահներին, որոնք համոզում են հակամարտության կողմերին բանակցել, նշում է հեղինակը: Հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից բանակցությունների կողմնակիցները պատմական կապեր ունեն Հայաստանի հետ, ինչպես նաև հայկական սփյուռքի բազմաթիվ քաղաքացիների ներկայությունն և ներգրավվածություն նրանց ներքին քաղաքականության մեջ, զարմանալի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց ցնցել իրավիճակը Ղարաբաղում, չնայած նա ռիսկի է դիմում փոթորիկ քաղել՝ ցանելով բռնության սերմեր, շարունակում է Ստաֆորդը:

Բայց Թուրքիայի նախագահ Էրդողանը հնարավորություն տեսավ դիմակայելու Երևանի նկատմամբ Մոսկվայի ենթադրյալ կամ իրական հակվածությանը՝ սատարելով Ալիևի հայտարարություններին և, ըստ տեղեկությունների, նրան զենք, մասնավորապես անօդաչու սարքեր մատակարարելով և Սիրիայից ու այլ երկրներից ներգրավված գրոհայիններ ուղարկելով: Էրդողանը նաև շանս է տեսնում նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում, հնարավոր է՝ միաժամանակ նվազեցնելով Թուրքիայի կախվածությունը ռուսական նավթից: Նավթ ներկրելու մի քանի տարբերակներ ձեռնտու կլինեին Անկարային: Էրդողանի աջակցությունը Ադրբեջանին նույնպես լավ տեղավորվում է իր, որպես «ոչ մահմեդականների ձեռքերից» տառապող բոլոր մահմեդականների հիմնական ձայնի` իր կերպարի մեջ: Թուրքիայի նախագահը սիրում է կողմնակիցների առաջ իրեն ներկայացնել որպես իսլամական աշխարհի քաղաքական առաջնորդ, որը դեմ է Արևմուտքի «իսլամաֆոբիային»: Չնայած քրիստոնեությունը ծագել է Մերձավոր Արևելքում, ինչպես և իսլամը, Էրդողանը ցույց տվեց, որ ինքը համարում է, որ քրիստոնեությունը ընդհանրապես և տարածաշրջանի գերակշռող քրիստոնյա շատ ժողովուրդներ մասնավորապես «արևմտյան իմպերիալիզմի արտահայտություն» են՝ և դա քիչ է տարբերվում նրա վերաբերմունքից Իսրայելի հանդեպ, գրում է Ստաֆորդը: Թուրքիայի աջակցությունը Ալիևի ջանքերին լավ է զուգակցվում նաև Էրդողանի`Անկարային որպես ավագ եղբայր ներկայացնելու փորձերին` բոլոր մյուս թուրք ժողովուրդների հովանավորին: Ճակատագրի հեգնանքով, թյուրքալեզու ժողովուրդների միջև կապեր ստեղծելու նախորդ աշխատանքների մեծ մասը՝ դա Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, (որն այժմ խորապես հակադրվում է Էրդողանին) իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») շարժման կրթական և մշակութային ներուժի հետ գործընկերության արդյունք էր: Այնուամենայնիվ, արդեն մի քանի տարի է, ինչ և մեկին, և մյուսին, հատկապես Գյուլենին, Էրդողանը դիտում է որպես թշնամիներ: Չնայած 2016-ի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այդպիսի գործընկերությունը վերջնականապես դադարեցվեց, Անկարայի ջանքերը` նախկին խորհրդային մի շարք հանրապետություններում թուրքիզմի գաղափար սերմանելու մեջ, որոշակի հաջողությունների հասան:

«Մոսկվան պետք է դա ընդունի ի գիտություն, չնայած, հավանաբար, դա արդեն արել է», – ասում է Վաշինգտոնում բնակվող վերլուծաբանը: ԱՄՆ-ի համար Լեռնային Ղարաբաղում բռնություն հրահրելու Էրդողանի մոտեցումը ևս մեկ գրգռիչ է ՆԱՏՕ-ի իր դե յուրե դաշնակցի հետ շարունակական և ավելի բարդ հարաբերությունների մեջ, որը դե ֆակտո իրեն պահում է որպես մրցակից, եթե ոչ հակառակորդ: «Իհարկե, Վաշինգտոնում Թուրքիային կտրականապես դեմ արտահայտվող մի քանի ձայն արդեն հայտարարել են, որ Կովկասում հակամարտության մեջ Թուրքիայի գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ նա հակառակորդ է, և ԱՄՆ-ը պետք է դրան համապատասխան վերաբերվի: Բարեբախտաբար, ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեն հավասարեցնում Թուրքիային և նրա ժողովրդին նախագահ Էրդողանի հետ,- ասում է Ստաֆորդը: – Կովկասում քիչ լծակներ ունենալով և ԱՄՆ-ում հայկական հզոր լոբբիով, ներառյալ մի քանի հայամետ կոնգրեսականներ, և Կապիտոլիումի բլուրում չունենալով ադրբեջանամետ կոնգրեսականներ, Սպիտակ տունը կարող է ավելին անել, քան բանակցությունների կոչը՝  համագործակցելով Կրեմլի և Ելիսեյան պալատի հետ: Հրադադարի ռեժիմի ապահովումը, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն դա պահպանել, մեծապես կախված կլինի Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումից: Եվ ԱՄՆ-ը, և Ֆրանսիան երկրորդական դերեր են խաղում»:

Եկեք մի քիչ դադար տանք: Ստաֆորդը մի փոքր խորամանկում է. փաստն այն է, որ ԱՄՆ-ում կա ադրբեջանամետ լոբբի: Պարզապես սրանք  ոչ թե ադրբեջանամետ կոնգրեսականներ են, այլ Իսրայելի և Թուրքիայի կողմից մեծ նվիրատվությունների «հասցեատերեր»: Այնպես որ, Ստաֆորդը չի էլ «ցրում», նա ստում է. նա դժվար թե չիմանա, թե ում համար են «աշխատում» ԱՄՆ-ում իսրայելամետ և թուրքամետ լոբբիստները: Հիշեցնենք, որ ժամանակին Վաշինգտոնում պատրաստվում էին նշանակել Թուրքիայի և Իսրայելի հայտնի լոբբիստ Ռիչարդ Կոզլարիչին՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան: Դա եղել էր դեսպան Ջոն Էվանսի հետ կապված սկանդալից հետո. այո, այն նույն Էվանսի, ով հրապարակավ (ԱՄՆ առաջին պաշտոնյան) Հայոց ցեղասպանությունը որակել էր որպես ցեղասպանություն, ինչի համար ԱՄՆ Պետդեպարտամենտը, ըստ էության, Երևանից Էվանսին հետ կանչեց…

«Այս պահին թվում է, թե նախագահ Էրդողանը կասի, որ ինքը կողմ է զինադադարին և բանակցություններին, բայց կշարունակի սատարել Ալիևին՝ չնայած վերջինիս գործողություններին: Դրանով նա կխորացնի Թուրքիայի մեկուսացումը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից, ինչպես նաև արտաքին ճակատում ցույց կտա իր անկախությունը՝ ներքին համախոհներին: Եվ նա դա կանի՝ առանց վախենալու ծանր հետևանքներից: Ռուսաստանին անհրաժեշտ են շուկաներ՝ իր նավթն ու գազը վաճառելու համար, ուստի չի կարող խոսք լինել այն մասին, որ ՌԴ-ը կդադարեցնի մատակարարումները Թուրքիային, քանի որ Անկարան վճարունակ է: Ռուսաստանը չի հասցնի առաջին ռազմական հարվածը Թուրքիային և թույլ չի տա Հայաստանին դա անել, քանի դեռ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ում»,- եզրափակում է Ստաֆորդը: Մենք ավելացնենք նրա խոսքերին. ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն նույնպես չեն հարվածի Թուրքիային, քանի որ, հակառակ դեպքում, Վաշինգտոնն ու Բրյուսելը վաղուց կլսեին ՆԱՏՕ-ի մյուս երկու անդամների`Հունաստանի և Ֆրանսիայի պահանջները…

Սերգեյ Շաքարյանց