Հայաստանն իբր հարվածել է Օրդուբադին ու Գյանջային. Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել ՀՀ-ին առավել լուրջ հարվածների համար, կամ էլ… (տեսանյութ)

Լույս 17-ի գիշերվանից որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ հրապարակեցին Ադրբեջանի` մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում տեղի ունեցած պայթյունի մասին:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, Գյանջային հարվածած հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, փրկարարները շարունակում են մաքրել փլատակները, որոնել վիրավորներին և մահացածների մարմինները: Այս մասին դեպքի վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը (հետաքրքիր է թե ո՞ր` Ադրբեջանո՞ւմ ՏԱՍՍ-ի թղթակիցը…), որը, չգիտես ինչպես, որոշել է, որ դա եղել է հրթիռի պայթյունի հետևանք:

Իսկ գուցե այդ պայթյունը Սիրիայից կամ Լիբիայից Թուրքիայի բերած ահաբեկիչներից ոմա՞նք են իրականացրել` զայրանալով, որ իրենց վարձատրելու վերաբերյալ տրված խոստումները չեն կատարվում… Կամ էլ հենց իրե՞նք` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատվերով նրա զինվորականները կամ հատուկ ծառայությունների աշխատակիցները, որպեսզի Հայաստանի Հանրապետության բնակավայրերին կամ ՀՀ տարածքում գտնվող որոշ օբյեկտների հարվածելու պատրվակ ստեղծեն…

Բացառված չէ նաև, որ շենքն իսկապես հրթիռային հարվածի հետևանքով է փլվել, սակայն ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից արձակված` ի պատասխան երեկ և անցած գիշեր Ստեփանակերտին և Շուշիին, ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, «ավելի հզոր միջոցներով» հասցված հարվածների: Ենթադրելի է, որ դրանք եղել են Ադրբեջանի «Полонез» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակված արկերի կամ «Точка-У» մարտավարական հրթիռային համալիրներից արձակված հրթիռների հարվածներ: Ի դեպ, հարվածներ են հասցվել նաև Արցախի այլ բնակավայրերի, արդյունքում վիրավորվել են Շոշ համայնքի երեք քաղաքացիական անձինք:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Գյանջայում փրկարարները շրջապատել են ողբերգության վայրը, սակայն տեսնելի է մի քանի մետր տրամագծով խառնարան` մոտավորապես համեմատելի նրա հետ, որն առաջացել էր հոկտեմբերի 11-ի գիշերը Գյանջային հարվածից հետո: Այնուհետ, ըստ ադրբեջանական Ականազերծման ազգային գործակալության տեղեկատվության, օգտագործվել է «Elbrus» բալիստիկ հրթիռ (SCUD): Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ Գյանջայում հրետակոծության արդյունքում վեց մարդ է զոհվել, 35-ը վիրավորվել են, բոլորը` քաղաքացիական անձինք, և որ Հայաստանի տարածքից քաղաքի ուղղությամբ արձակվել են «Սքադ» բալիստիկ հրթիռներ:

Առաջին հաղորդումից մոտ 2 ժամ անց հայտնվել է զոհերի և վիրավորների ավելի մեծ թվի մասին. նախնական տվյալներով, ավելի քան 10 զոհ և ավելի քան 40 վիրավոր: Այս մասին «Twitter»-ի իր էջում հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով ՝ Հայաստանի զինված ուժերը Գյանջայի ուղղությամբ արձակել են մարտավարական «Scud» (R-17) մարտավարական բալիստիկ հրթիռ: Ըստ նրա, դա են վկայում բեկորները հարվածի գոտուց:

Հաջիևը նշել է նաև, որ փրկարարական գործողությունը շարունակվում է, և որ հայկական կողմից քաղաքի ուղղությամբ հրթիռային հարձակումների արդյունքում ավերվել է ավելի քան 20 տուն:

Դարձյալ ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, հոկտեմբերի 17-ի գիշերն առնվազն երկու հրթիռ է հարվածել Գյանջային, իսկ ավելի վաղ AzTV պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ քաղաքում երեք պայթյուն է լսվել: Հիշյալ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկրորդ հրթիռը, որը հարվածել է Գյանջային, ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ մասնավոր տներ, այստեղ մեկ մարդ զոհվել է, շուրջ 10-ը վիրավորվել են: Ըստ հաղորդման, հարվածի տեղում խառնարանն ավելի փոքր է, քան առաջին դեպքում, հավանաբար, այստեղ օգտագործվել է ոչ թե «Էլբրուս» բալիստիկ հրթիռը (SCUD), այլ պակաս հզոր «Սմերչը»:

Հղում կատարելով իր ավելի վաղ արած հրապարակման վրա, ՏԱՍՍ-ը հայտնել է, որ «առաջին դեպքում հրթիռը հարվածել է մասնավոր հատվածի բնակելի շենքերին: Այնտեղ ավերվել է մոտ 20 տուն, վնասվել է դպրոցի շենքը», սակայն ՏԱՍՍ-ը տվյալ հրապարակման մեջ իրականում նշել է բնակելի շենքին հասցված հարվածի մասին, իսկ հետո իր մեկ այլ հրապարակման մեջ ներկայացրել «Twitter»-ի իր էջում Հաջիևի գրառումը` հրթիռային հարձակումների արդյունքում ավելի քան 20 տան ավերվելու մասին: Անհասկանալի է մնում, թե ավելի քան տասը հոգու զոհվելը և 40-ի վիրավորվելը միայն առաջին հարվածի՞ արդյունքն է, թե՞ երկու հարվածների գումարային հետևանքը:

Ըստ «РИА Новости-ի հրապարակման, Ալիևը կատարվածը համարել է ռազմական հանցագործություն ու խոստացել պատասխանել մարտի դաշտում: Ռազմական հանցագործության մասին հայտարարած Ադրբեջանի նախագահն ու նրա ղեկավարած պետությունը, ուշ թե շուտ, իրենք են պատասխան տալու Արցախի և ՀՀ-ի նկատմամբ բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար:

Անդրադառնալով ՀՀ-ից Գյանջային հրթիռային հարվածների մասին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հանդես եկավ «Ադրբեջանական հերթական կեղծիքը Գյանջայի մասին» վերտառությամբ հերքմամբ:

«Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում դեռ գիշերը գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Շատ ափսոս, որ ՀՀ տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Միաժամանակ նշենք, որ ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության այսօր հրապարակած տեղեկատվության:, «Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ»:

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ հայտարարությամբ այսօր հանդես եկավ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Դրանում մասնավորապես նշված է.

«Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հրթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելաոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»:

Հասկանալի է, որ ՀՀ-ին Օրդուբադին և Գյանջային հարվածներ վերագրելու Ադրբեջանի նպատակը կամ տեղեկատվական ու քաղաքական հենք նախապատրաստելն է Հայաստանի Հանրապետությանն առավել լուրջ հարվածներ հասցնելու համար (ընդ որում, նաև Նախիջևանից, այդ առումով, կարծում ենք, Օրդուբադի հիշատակումը պատահական չէ), բացառված չէ նույնիսկ` ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելը, կամ էլ իր արդեն իսկ հասցրած հարվածներն արդարացնելը և իրեն իրավունք վերապահելը նմանաբնույթ հարվածներն առաջիկայում էլ շարունակելու:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն` այստեղ