Թուրքիայի նպատակների թվում են Ռուսաստանի պանթուրքիստները

Օրերս ռուս փորձագետ (ազգությամբ թաթար) Ռաիս Սուլեյմանովը հանդես է եկել, հաստատելով իմ անձնական նախազգուշացումը, որն անձամբ բազմիցս բարձրաձայնել եմ Հայաստանում՝ պանթուրքիզմի սպառնալիքի և պանթուրքիզմի էքսպանսիայի մասին: Լեռնային Ղարաբաղի դեմ ընթացիկ պատերազմը սրել է ոչ միայն Կովկասում առկա երկարատև էթնոպոլիտիկ և ռազմական հակամարտությունը, այլև բացահայտել շատ խնդիրներ Ռուսաստանի ներսում, գրում է Սուլեյմանովը: Հենց Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, պետք է այսօր ստիպված լուծի փլուզումից մնացած խնդիրները: Թուրքիան վաղուց Կովկասը համարում էր իր աշխարհաքաղաքական շահերի գոտի, բայց այժմ դա արտահայտվում է… կոնկրետ ռազմական օգնությամբ՝ իսլամիստ գրոհայիններին հակամարտության գոտի ուղարկելով և Ադրբեջանի զինված ուժերին զենք մատակարարելով, նրանց հետախուզական տեղեկատվություն տրամադրելով: «Այն բանից հետո, երբ Մոսկվան հայկական ու ադրբեջանական կողմերին բերել է բանակցությունների սեղան, փոխհրաձգությունը մի քանի ժամով հանդարտվել է, իսկ այսօր շարունակվում է նոր թափով: Մի շարք դիտորդներ նշել են, որ Թուրքիան ակտիվորեն նպաստում է դրան, քանի որ Անկարան վճռական էր՝ մասնակցելու բանակցություններին, բայց հրավեր չի ստացել: Այսօր թուրքական ԶԼՄ-ներում շարունակվում է ռազմատենչ հռետորաբանությունը, Անկարայից հնչած ձայների մեջ կա ցանկություն ընդգծելու նրանց աշխարհաքաղաքական դերը, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու միջոցով: Եթե ​​դա տեղի ունենա, ապա Թուրքիան պետք է բարձրացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ. այսօրվա դրությամբ միայն Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն են համանախագահող երկրներ…», – իրավացիորեն ընդգծել է ռուսաստանցի հեղինակը:

Մեզ համար կարևոր է այն փաստը, որ նա, ով այսօր բացահայտում է Թուրքիայի և «Բաքվի հանրապետության» արկածախնդրության իրական մեխանիզմը, ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի, այլև թուրք, թաթար է: Բացի դրանից, Սուլեյմանովը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը սրել է Ռուսաստանի իսլամական համայնքի տրամադրությունը. եթե նրա ղեկավարները կոչ են անում շուտափույթ դադարեցնել արյունահեղությունը, ապա կրոնական ակտիվիստները չեն թաքցնում համերաշխությունը «հավատացյալ եղբայրների»՝ «կովկասյան թաթարների» հետ, չնայած այն բանին, որ ռուսաստանյան մուսուլմանների մեծամասնությունը սուննիներ են, իսկ «կովկասյան թաթարների» մեծ մասը՝ շիաներ: Այս հասարակական համերաշխության մեջ էական դեր է խաղացել նաև Թուրքիան, որի երկարատև աշխատանքը «փափուկ ուժի» քաղաքականության շրջանակներում տվել է նման արդյունքներ: Անկարան ոչ պակաս մասշտաբային աշխատանք էր տարել Ռուսաստանում կովկասյան-թաթարական մեծ սփյուռքի հետ կապված, ինչը տեղիք է տվել հինգերորդ շարասյան մասին խոսակցությունների (որոշ դիտորդներ առաջարկում են այն անվանել նույնիսկ «վեցերորդ շարասյուն», լիբերալներից և քաղաքական ընդդիմադիրներից հետո). «Եթե XIX-րդ դարի երկրորդը կեսին Թուրքիային բնորոշ էր պանիսլամիզմի քաղաքականությունը, որը պայմանավորված էր Օսմանյան կայսրության սուլթանի՝ խալիֆի, կարգավիճակով, ապա XX-րդ դարի առաջին կեսի երիտթուրքերի և քեմալականների համար գաղափարական հիմք է դարձել պանթուրքիզմը, որը կրկին գործի դրվեց 1980-ականների վերջից», վկայեց Սուլեյմանովը: Իսկ 2002-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալով` Թուրքիայում գերակշռել է պանիսլամիզմի գաղափարախոսությունը` նախկին բոլոր գաղափարական դոկտրինների օգտագործմամբ: Հետխորհրդային շրջանում ադրբեջանցիների շրջանակներում Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականության գլխավոր ուղղորդողներ էին թուրքական աշխարհի ուսումնասիրության «Թուրան» հիմնադրամը (հիմնադրվել է 1980 թ.), Համագործակցության և զարգացման թուրքական գործակալությունը (Türk İsbirliği ve Kalkınma İdaresi Baskanlığı – TİKA), «Յունուս Էմրե» հիմնադրամը ( ստեղծվել է 2007 թ.), քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժումը և «Նուրջուլար» եղբայրությունը (ծայրահեղական կազմակերպություն, որը արգելված է Ռուսաստանում), ինչպես նաև մի շարք թուրքական սուֆիական եղբայրություններ, որոնք հետևորդներ ունեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանի ադրբեջանցիների շրջանում: Չգիտես ինչու, թուրքական լիցեյների ցանցը, «Երկխոսություն Եվրասիա» հարթակը և գյուլենականների գլխավորած թուրքական առևտրային կառույցները չէին համարվում «փափուկ ուժի» գործիք:

Դե ինչ, Ռուսաստանում այսօր գործում են «կովկասյան թաթարների» սփյուռքի երեք խոշոր միավորումներ, և դա հանրահայտ է. 1) Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարություն (ԱՄԴԻ՝ 1999 թ.), 2) Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես (2001-2017 թթ.) և 3) Ռուսաստանի ադրբեջանցիների միություն (2019 թվականից): Այդպիսի բազմազանությունը բացատրվում է Բաքվի ենթակայության տարբեր աստիճաններով և սփյուռքի ղեկավարների անձնական ամբիցիաներով:

Ռուսաստանի ադրբեջանցիների ԱՄԴԻ -ն (AzerRos)՝ Մոսկվայի ամենալոյալ կառույցն է, որը գլխավորում է 50-ամյա Մեհրիբան Սադիգովան՝ ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ: 1990-ականներին աշխատելով որպես սոցիալական հոգեբան Մոսկվայի մանկապարտեզներում և դպրոցներում՝ Սադիգովան 2000-ին եկել է AzerRos որպես մամուլի քարտուղար, բայց աստիճանաբար բարձրացել է կարիերայի սանդուղքով և 2015-ին գլխավորել ինքնավարությունը: Ռուսաստանում 2018-ի նախագահական ընտրություններում Սադիգովան Վլադիմիր Պուտինի վստահելի անձանցից էր: Նա հայտնի դարձավ հայերի նկատմամբ խաղաղության և բարիդրացիության մասին իր հայտարարություններով և նույնիսկ աջակցեց Ռուսաստանում գտնվող հայ-ադրբեջանական ընտանիքներին: Նման հայտարարությունները նրան շատ թանկ արժեցան. այս տարվա մարտին ԱՄԴԻ-ի անդամները պահանջել էին նրա հրաժարականը՝ սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի պետական ​​կոմիտեի ակտիվ մասնակցությամբ, բայց Սադիգովային հաջողվեց մնալ՝ Կրեմլի աջակցությամբ: Համառուսաստանյան ադրբեջանցիների կոնգրեսը (ՀՌԱԿ), որն ստեղծվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի անմիջական մասնակցությամբ, միանշանակ գտնվում էր Բաքվի լիակատար ազդեցության տակ: Այն գլխավորում էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ուռուցքաբան 65-ամյա Մամեդ Ալիևը: Բայց 2017-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը լուծարեց ՀՌԱԿ-ը, և Բաքուն ժամանակավորապես կորցրեց իր շահերի հաղորդչին: Այնուամենայնիվ, ոչ երկար ժամանակով: Դրան փոխարինեց Ռուսաստանի ադրբեջանցիների միությունը՝ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ամենաերիտասարդ կազմակերպությունը, որը գլխավորում էր ԽՍՀՄ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյա, 56-ամյա Ֆիզուլի Մամեդովը: Բացի գործարարությունից, նա ակտիվ մասնակցություն է ունեցել Համաշխարհային ադրբեջանցիների միության և Համաշխարհային ադրբեջանական մշակութային հիմնադրամի ստեղծմանը (երկուսն էլ սկսել են աշխատել 2005-ին), իսկ ինքը՝ Մամեդովը, 2017-ից ադրբեջանցիների Եվրոպական կոնգրեսի փոխնախագահն է:

Սուլեյմանովը նշում է. «Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի բոլոր ասոցիացիաները, ըստ կանխատեսումների, պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին, և կազմակերպությունների կայքերը լի են «ի սկզբանե ադրբեջանական տարածքին» նվիրված բաժիններով և Բաքվի ընթացքին լիակատար համերաշխություն արտահայտող հայտարարություններով: Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը կազմում է մի քանի միլիոն մարդ (ըստ որոշ աղբյուրների՝ միայն Մոսկվայում  մոտ 1.5 միլիոն): Դա արտահայտվում է տարբեր ձևերով ՝ սկսած 1992-93 թվականներին Ադրբեջանի նախագահ՝ Աբուլֆազ Էլչիբեյի ժամանակաշրջանի պանթուրքիստական ​​կարգախոսից. «Երկու պետություն՝ մեկ ազգ» և ընդհուպ պանիսլամիստական ​​և նեոօսմանական միասնության կարգախոսները: Թուրք ռազմավարները փորձում են այս բազմազան գաղափարական կոկտեյլը ներմուծել նախկին ԽՍՀՄ շատ թյուրք ժողովուրդների գիտակցության մեջ՝ օգտագործելով տարբեր գործիքներ. ինչ-որ տեղ կրթական կենտրոններ, ինչ-որ տեղ՝ իսլամական եղբայրություններ և ինչ-որ տեղ՝ թվացյալ անվնաս մշակութային կենտրոններ: Ձևերը կարող են շատ տարբեր լինել՝ Օսմանյան կայսրության մասին պատմող սերիալներից, ինչպիսիք են՝ «Հոյակապ դարը», ընդհուպ մինջև Մոսկվայի համալսարանների ուսանողների հանրակացարաններում (Մոսկվայի պետական ​​համալսարան, ԺԲՌՀ, ՄՄՀՊԻ (МГИМО), Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարան) «Նուրջուլար» եղբայրության բջիջները, որոնք ղեկավարում է Ռուսաստանում  «Ադրբեջանցիների համերաշխության կենտրոնի» տնօրենը Նամիգ Շահպելենգովը: Մոսկովյան ադրբեջանցիները, որոնք կողմնորոշված են դեպի իրենց ավանդական շիիզմը՝ իրենք են բացահայտ խոսում այս մասին»:

Փորձագետ Ռ. Սուլեյմանովի նախազգուշացումներին մենք գործնականում ավելացնելու ոչինչ չունենք: Համեմատեք սա այն պարծանքի հետ, որը ամեն օր լսում ենք տարբեր հայկական սփյուռքների տարբեր ներկայացուցիչներից: Փորձագետի վերջնական եզրակացությունը հետաքրքիր է. այն հաստատում է շատ հայ փորձագետների վարկածները, որ Հայաստանից և Արցախից հետո թուրքերը և նրանց «հինգերորդ շարասյունները» կանցնեն Ռուսաստանի վրա հարձակմանը. «Որպես Թաթարստանի բնակիչ, ես հստակ այլ բան եմ տեսնում. Թուրքիան ակտիվ աշխատում է Ռուսաստանում ոչ միայն ադրբեջանցիների հետ, այլև Վոլգայի թաթարների և ազգայնականների տարբեր խմբերի հետ՝ սկսած քաղաքագետներից, ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի դերի և Ռուսաստանում հայկական լոբբիի ամենազորության մասին հաղորդմամբ, ինչպես նաև նրանց, ովքեր սովոր են փողոցային հավաքների դուրս գալ, որպես «Ազատլիկ» թաթար երիտասարդների միության անդամներ, որոնք թեկուզ ուշացումով, բայց սատարում էին Բաքվին: Այս բոլոր դեպքերում դժվար է խոսել Ռուսաստանի հանդեպ հայրենասիրության մասին: Բայց թող սփյուռքի կողմից առնվազն լոյալություն լինի՝ արտահայտված բնակության երկրի, և ոչ թե այլ պետությունների արտաքին քաղաքական գերակայություններին հետևելով: Հակառակ դեպքում, Ռուսաստանում հինգերորդ շարասյան մասին խոսակցությունները կդադարեն լինեն դավադրության (կոնսպիրոլոգիա) տեսաբանների պարապ շահարկումներից»…

Ահա թե ինչի մասին պետք է մտածեն Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարները, բացի բոլոր մյուս խնդիրներից` բուն Ռուսաստանի ներսում գտնվող թուրքամետ «ընդհատակի» մասին:

Սերգեյ Շաքարյանց