Կարմիր խաչը հույս է հայտնել, որ հրադադարը ԼՂ-ում կպահպանվի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիայի ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հույս ունենք, որ հրադադարի մասին հումանիտար համաձայնագիրը կպահպանվի, և որ այն էական թեթևացում կբերի նրանց, ովքեր տուժել են»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։