Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը հայտնել է Արցախին նվիրված վավերագրական ֆիլմ նկարելու մտադրության մասին (տեսանյութ)

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից՝ հայտնելով, որ ցանկանում է վավերագրական ֆիլմ նկարել Արցախում տեղի ունեցող մարտերի մասին, երբ իրավիճակը կայունանա և հնարավորություն ստեղծվի հանգիստ պայմաններում ներկայացնել կատարվածի ժամանակագրությունը:

Լրագրողը նշել է, որ հատկապես ցանկանում է ուշադրություն հրավիրել խաղաղ բնակչության կորուստների և կրած վնասների վրա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել զինթղթակցի նկատմամբ՝ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Քրեական գործը հարուցվել է 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Անդրադառնալով քրեական գործի հարուցմանը և սպառնալիքներին՝ Պեգովը պատասխանել է. «Ես Հադրութում եմ, եկեք, խոսենք», ապա նաև կադրեր հրապարակել տեղից՝ ցույց տալով ողջ աշխարհին, որ ադրբեջանական կողմի պնդումները քաղաքը գրավելու մասին անհիմն են: