Պատիվ ունեի կանգնել Արցախում և Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտող հազարավոր մարդկանց կողքին. կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է հայ համայնքի բողոքի ակցիային

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հոկտեմբերի 11-ին մասնակցել է հայերի բազմահազարանոց բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև:

«Այսօր պատիվ ունեի կանգնել հազարավոր մարդկանց կողքին, որոնք Լոս Անջելեսում մասնակցում էին «Երթ հանուն հաղթանակի» ցույցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախում և Հայաստանում»,- գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։