ԼՂ հակամարտության սրման հետևանքով առնվազն 53 խաղաղ զոհ կա, ավերված շինությունների մեծ մասը գտնվում է ԼՂ տարածքում. ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման ֆոնին զոհվել է առնվազն 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ: Բացի այդ, փլուզվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ տներ, դպրոցներ, քաղաքացիական այլ օբյեկտներ:

Ինչպես նշում է ohchr.org կայքը, հանձնակատարի գրասենյակում ընդգծել են, որ ավերված շինությունների մեծ մասը գտնվում է ԼՂ տարածքում:

«Խոր անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ վերջին օրերին ականատես ենք լինում՝ ինչպես են բնակավայրերը դառնում թիրախ և հրետակոծվում ծանր զինատեսակներից»,-նշել է հանձնակատարը:

Բացի դրանից, պաշտոնյան ուշադրություն է հրավիրել խոր անհանգստություն առաջացնող տեղեկություններին առ այն, որ հակամարտության գոտում կասետային ռազմամթերք է կիրառվել:

«Կասետային ռազմամթերքը լայն շառավիղով տարածքներում գցում են ոչ մեծ ռումբերը: Դրանցից շատերը կարող են սպանել և վնասվածքներ հասցնել տարիների ընթացքում: Նման ռազմամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի»,-ասել է Բաչելետը:

Ավելի վաղ Բաչելետը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել մարդասիրական իրավունքը և թույլ չտալ, որպեսզի  քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներին վնաս հասցվի:

«Հակամարտության կողմերին հիշեցնում եմ, որ պետք է հետևեն քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների պաշպանության մասին մարդասիրական իրավունքի համաձայն իրենց ստանձնած պարտավորություններին»,- ասվում է Բաչելետ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։