Երևանը և Բաքուն և հաստատել են մասնակցությունը Մոսկվայի խորհրդակցություններին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին, ակտիվ նախապատրաստություն է ընթանում:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքուն և Երևանը հաստատել են մասնակցությունը Մոսկվայում խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,-ասել է նա:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Բացի դա, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրետանային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։