Ուշադրություն լրատվականներին

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ կատարված փոփոխություններով ամրագրվում է.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Նշված կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»,- նշված է որոշման մեջ:

«Մեդիա պաշտպան»