«Այո, ես Ադրբեջանում եմ». AFP-ն զրուցել է Ադրբեջան մեկնած և մեկնել պատրաստվող սիրիացի վարձկանների հետ

AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից:

Նրանցից մեկը՝ թրքամետ վարձկամ Աբու Ահմադը սպասում է Ադրբեջան մեկնելուն, որտեղ հույս ունի ստանալ իր ներկայիս աշխատավարձից գրեթե 80 անգամ ավելի շատ գումար, գրում է france24.com կայքը:

«Ես գրանցվել եմ Ադրբեջան գնալու համար ավելի քան մեկ շաբաթ առաջ, երեք ամսով՝ ամսական 2000 դոլարի համար»,- ասել է 26-ամյա գրոհայինը, որը կեղծ անունով է ներկայացել:

Սիրիայի հյուսիսում գտնվող և Թուրքիայի կողմից ղեկավարվող տարհանված փախստականների ճամբարից Աբու Ահմադը նշել է, որ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ՝ հույս ունենալով գումար աշխատել:

«Մենք կորցրել ենք մեր գյուղերը և տները, և մենք ուտելու ոչինչ չունենք»,- ասել է Ահմադը, որն արդեն 5 տարի է՝ գրոհային է:

Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ 850 սիրիացի գրոհայիններ արդեն Ադրբեջան են ուղարկվել Թուրքիայի միջոցով, և դեռևս հարյուրավորներ սպասում են իրենց հերթին:

Թրքամետ զինված ընդդիմադիր խմբավորումների գրոհայիններին խոստացել են ամսական 1500-2000 դոլար աշխատավարձ, հայտնում է բրիտանական մամուլը:

Նրանց առաջին խումբն Ադրբեջան է ժամանել նախքան կռվի սկսվելը. նրանք կարծել են, որ պետք է պահպանեն նավթահանքերը և սահմանը:

Հալեպին կից Աթարեբ քաղաքից մի գրոհային ֆրանսիական լրատվականին ասել է, որ ինքը սահմանին է:

«Այո, ես Ադրբեջանում եմ»,- գրել է նա՝ հրաժարվելով տալ այլ մանրամասներ:  Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ վերջինս եղել է մի ջոկատի կազմում, որի հրամանատար Մոհամեդ Շաբան սպանվել է:

Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգից 38-ամյա գրոհային Աբու Ադնան ասել է, որ իրեն առաջարկել են գրանցվել որպես մարտիկ Կովկասում:

«Լիբիա մեկնելու մեր հերթը չհասավ, այդ պատճառով էլ մեզ ասացին պատրաստվել Ադրբեջան մեկնելուն»,- նշել է գրոհայինը՝ նույնպես ներկայանալով կեղծ անունով: