Ավստրիան միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմը դադարեցվի. Գուդրուն Կուգլեր

Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի:

«Որոշ հուսահատ հայեր այսօր կապվել են ինձ հետ. Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական գյուղերի վրա հարձակումներ, սպանված քաղաքացիներ, երկու կողմերում էլ պայքարելու պատրաստակամություն, և Թուրքիան միանգամից ցանկանում է միանալ: Մեծ անհանգստություն՝ պատերազմի մասին»,-գրել է Ավստրիայի խորհրդարանի անդամը:

Նա շեշտել է, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ միասին, պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմն անմիջապես դադարեցվի և երկխոսությանը վերադարձ կատարվի:

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: