Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ

Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Հարգելի՛ արարատցիներ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ, որոնք հետ են մղվում հայկական կողմից: Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է բոլորիս միասնականությունն ու աչալրջությունը»,-նշել է մարզպետն ու հորդորել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին` զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում հայկական կողմից տասը զինծառայող է զոհվել: