Չինաստանը դեմ է WeChat-ի և TikTok-ի նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններին

Չինաստանը դեմ է Միացյալ Նահանգների տարածքում WeChat մեսենջերի և TikTok սոցիալական ցանցի ներբեռնումն արգելելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի Առևտրի նախարարությունը:

«Մենք ուշադրություն ենք դարձրել ամերիկյան կողմի այդ քայլի վրա: ԱՄՆ-ը ազգային անվտանգության պատրվակով սահմանափակում է TikTok և WeChat բջջային հավելվածների գործողությունները,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում:- Սա լուրջ վնաս է հասցնում այդ ընկերությունների օրինական իրավունքներին և շահերին, խաթարում է բնականոն շուկայական կարգը: Չինաստանը կտրականապես դեմ է դրան»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես ընդգծված է փաստաթղթում, «Չինաստանը պնդում է, որ ամերիկյան կողմը դադարեցնի այդ հետապնդումը և անմիջապես հրաժարվի սխալ գործողություններից»: «Եթե ամերիկյան կողմը շարունակի նույն գործելաոճը, Չինաստանը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է նախարարությունը:

Սեպտեմբերի 20-ից ԱՄՆ իշխանությունները արգելք են մտցնելու երկրում WeChat մեսենջերը և TikTok սոցիալական ցանցը ներբեռնելու համար: Առևտրի նախարարության համաձայն, դա, ըստ էության, Չինաստանում մշակված «այդ ծրագրերի հասանելիության լիակատար վերացում» է ԱՄՆ-ի օգտատերերի համար: