Ծանրորդ Արմեն Ղազարյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

Ծանրորդ Արմեն Ղազարյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ` Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից Ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ»,- ասաց Օհանջանյանը՝ նշելով, որ հիշյալ անձինք քրեական գործով տուժող են ճանաչվել: