Նիկոլը պատկերացնո՞ւմ է այն կադրային ջարդը, որ իրենից հետո սկսվելու է իրենց կամ յուրայինների դեմ

Նա ախր դրա բոլոր հիմքերը տվել է, և ամենակարևորը` իր և իր ենթակաների «բեսպրեդելով» տվել է դրա բարոյական հիմքը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանից ի՞նչ էր ուզում, ի՞նչ էր արել Փաշինյանին այդ համեստ մարդն ու պաշտոնյան, պետական պաշտոնյաների շարքում այն հազվագյուտներից մեկը, որին կարելի է մտավորական անվանել, և ոչ թե նրա համար, որ գիտական աստիճան ունի, պատմական գիտությունների դոկտոր է: Ինչո՞վ էր խանգարել կամ խանգարում նա Փաշինյանին:

Հետո ի՞նչ, որ նրա կամ նրա օրոք նշանակված պաշտոնյաներից չէր, նախկինների ժամանակ նշանակվածներից ու դեռ մնացածներից էր (Ամատունի Վիրաբյանն այդ հաստատության ղեկավարն էր արդեն շուրջ 20 տարի, 2001 թվականից ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետն էր, 2003 թվականից` Հայաստանի ազգային արխիվի տնօրենը): Պետք է անպայման հեռացնեի՞ն Վիրաբյանին… Նա էլ հո կոռումպացված կամ կողքից հանքեր, բիզնես ունեցող պաշտոնյաներից չէ՞ր…

Ոչ էլ իր գործից անտեղյակ, ոչ պրոֆեսիոնալ մեկն էր, որոնցից Փաշինյանի նշանակած ու նրա օրոք նշանակված կադրերի շարքերում բազում են: Մարդիկ, որոնք ինչպես և Նիկոլը, Քաջնազարի պես են հայտնվել իրենց պաշտոններում, և որոնց կարելի է աչքերն առանց թարթելու հեռացնել մասնագիտական համապատասխան որակավորում չունենալու կամ իրենց մասնագիտությանը չտիրապետելու համար:

Իհարկե, գիտեմ վերը տրված հարցի պատասխանը. Ամատունի Վիրաբյանի ամբողջ մեղքն ազգային մտածողություն ունեցող պետական պաշտոնյա լինելն էր, այդպիսիք Փաշինյանի պաշտոնավարման օրոք ուղղակի չեն կարող հանդուրժվել:

Բացի այդ, հնարավոր է, Փաշինյանը կամ փաշինյանական իշխանությունից ոմանք` սորոսականների շրջանակից, Հայաստանի ազգային արխիվի հետ կապված ինչ-որ մութ նպատակներ ունեն: Օրինակ, համապատասխան տեղեկություններն Արևմուտքի հատուկ ծառայություններին կամ գլոբալիստական ուժերին փոխանցելու նպատակ, որը Վիրաբյանի ձեռքով հնարավոր չէր անել: Գուցե Հայաստանի ազգային արխիվից տարիներ առաջ մորմոնների աղանդի միջոցով ԱՄՆ տարված տեղեկություններից բացի, էլի՞ հետաքրքրող տեղեկություններ կան, որոնց համար գնորդներ են հայտնվել, կամ էլ, գուցե, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից կամ Իսրայելից այդ տեղեկությունները փոխանցելու վերաբերյալ հրամա՞ն է ստացվել… Փաշինյանն ինքը կիմանա այս հարցերի պատասխանը:

Համենայն դեպս, սոսկ միամիտները կմտածեն, կկարծեն, թե Փաշինյանը Վիրաբյանի պաշտոնանկության հետ որևէ կապ չունի, և Հայաստանի ազգային արխիվի տնօրենը հեռացվել է միայն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուստամ Բադասյանի հրամանով:

Սկզբում Ամատունի Վիրաբյանի դեմ ինչ-որ մեկը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, միգուցե տեսան, որ բան չի ստացվում, եթե նույնիսկ քրեական գործ հարուցվի, հեռանկար չի ունենա, հիմա էլ որոշեցին շինծու պատրվակով աշխատանքից հեռացնել: Օգոստոսին NEWS.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանն ասել է, որ իր դեմ հանցագործության մասին հաղորդում  ներկայացնելը զրպարտություն է:

Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Ամատունի Վիրաբյանի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի բաժին` հետաքննություն իրականացնելու համար:

«Մասնավորապես, Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և հայտնել, որ իր թոշակի և իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին, և վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել:

«Ոստիկանությունում է գործը, նյութեր են նախապատրաստվում։ Ես դեկտեմբերին եմ իբրև իրենից ինչ-որ բան պահանջել։ Ես պաշտոնական 2 հատ տեղեկանք ՌԴ ուղարկել եմ, որ իր մասին փաստաթուղթ չկա և չենք կարող տրամադրել. մեկը ուղարկել եմ հուլիս ամսին, մյուսը՝ դեկտեմբեր։ Երևի իրեն թոշակ չեն նշանակել, որոշել է՝ ես եմ մեղավոր»,- ասաց նա»։

Եվ, ահա, օրերս հայտնի դարձավ, որ Ամատունի Վիրաբյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուստամ Բադասյանի հրամանով հեռացրել են աշխատանքից: Հեռացրել են ոչ թե չեղած փաստաթուղթը ոմն Արմեն Գրիգորյանի չտրամադրելու համար, այլ բոլորովին այլ և շինծու պատրվակով:

«Պրն. Վիրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը համարում է անհիմն, քանի որ աշխատանքից ազատման պատճառը նշել են այն, թե 2016-2018 թթ. Հայաստանի ազգային արխիվը հարկեր չի վճարել և պետությանը հասցրել է վնաս։ Մինչդեռ իրական պատմությունն այն է, որ 2016-ին պետությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չի հատկացրել։ Այսինքն՝ այդ պահին բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել այդ հարկը։ Ավելի ուշ պետությունը պահուստային ֆոնդից բոլոր ՊՈԱԿ-ներին այդ գումարը հատկացրել է, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվին՝ մոտ 800 միլիոն դրամ, և իրենք վճարել են հարկերը։

«Հարկեր չվճարելու համար քրեական պատասխանատվություն է հասնում, բայց ինձ քրեական պատասխանատվության չեն ենթարկել, որովհետև այդտեղ ես ոչ մի մեղք չեմ ունեցել։ Այդ հարկերը չեն վճարել Հայաստանի բոլոր ՊՈԱԿ-ները, և հետո կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է հատկացրել, այդ թվում՝ մեզ, և մենք այդ գումարները վճարել ենք»,- վստահեցրեց Ամատունի Վիրաբյանը»։

Yerkir.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանն ասել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների այս որոշման մեջ ինքը հետապնդում և միտում է տեսնում, քանի որ 2018-ին ևս՝ իշխանափոխությունից անմիջապես հետո, փորձել են ստիպել, որ աշխատանքից ազատման դիմում գրի, բայց ինքը հրաժարվել է։

Կատարվածի հանդեպ անտարբեր չի կարողացել լինել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն հայր Ասողիկ Կարապետյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա օրերս մասնավորապես գրել է.

«Սրտի ցավով և հոգեկան խորին վրդովմունքով տեղեկացա Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Տիար Ամատունի Վիրաբյանի պաշտոնազրկման մասին:

Անարդար և նվաստական որոշում, իսկ հիմքը՝ խախուտ:

2003 թ. ճանաչել եմ և աշխատել Ա. Վիրաբյանի հետ: Նա մի անձ է, ով ձոնված է արխիվային գործին և փայլուն գիտակ Հայոց նոր և նորագույն շրջանների պատմության: Անձ, ով արգո գիտնական է, դասախոս և մեծ վաստակի տեր: Անձ, ով իր տնօրենության օրոք նաև ջանասիրաբար կառուցեց ու բարեզարդեց մեր Հայրենիի կարևորագույն հաստատություններից Ազգային արխիվն իր մասնաճյուղերով: Վերջապես, անձ, ով ապրում և իր մեջ կրում է Հայրենիքը, Ազգը, Եկեղեցին, վառվում Հայոց անցյալի ու ներկայի խնդիրներով ու հոգսերով, ցոլացնում պատմության դասն ու պատգամը վասն գալիքի:

Եվ, ահա, այսպես անարդար և տմարդի կերպով հեռացվում է. ավա՜ղ, հեռացվում է ողջ աշխատակազմի և նրանց արդար ու շիտակ բողոք-դիմումի հանդեպ մեղկ արհամարհանքով…

Դատապարտելի է նման մտայնությունն ու այս մոտեցումը:

Կսիրեմ հուսալ, որ պետական պատկան այրերը չեն վտանգի Հայաստանի ազգային արխիվը՝ այդ նվիրական հաստատությունը վստահելով անհայտ ծագման պաշտոնյայի:

Կսիրեմ հուսալ, որ Ազգային արխիվի ողջ անձնակազմը բարոյական ուժն ու քաջությունը կունենա պայքարելու և ընդունելու այնպիսի առաջնորդի, ով կշարունակի Տիար Ամատունի Վիրաբյանի հայրենանվեր ու ազգաշահ ծառայությունը»:

Իսկապես, Նիկոլը պատկերացնո՞ւմ է այն կադրային ջարդը, որ իրենից հետո սկսվելու է իրենց կամ յուրայինների դեմ, Ռուստամ Բադասյանից սկսած, վերջացրած… Եվ այդ օրը հեռու չէ:

Արթուր Հովհաննիսյան