Խոսնակները նաև կրում են տեղեկատվության ազատության պատասխանատուի պարտականությունները․«Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է զրույցների շարքը տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարների կամ պատասխանատուների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանն է։

Դուք Ձեր գործունեությունը սկսել եք որպես լրագրող, աշխատել եք որպես լուրերի մեկնաբան, այժմ մամուլի քարտուղար եք: Որպես լրագրող, ի՞նչ խնդիրների եք հանդիպել մամուլի քարտուղարների հետ շփումներում, որ այսօր ձեր աշխատանքում բացառում եք:

– Լրագրողական գործունեությանս ընթացում մամուլի քարտուղարների, խոսնակների հետ շփումների ժամանակ, ըստ էության, որևէ խոչընդոտի չեմ հանդիպել։ Պետական համակարգի, գերատեսչությունների հետ առնչվելիս երկուստեք առավելապես աշխատել ենք գործընկերային, անգամ ընկերական մթնոլորտում։ Բարեբախտաբար, պետք է փաստեմ, որ զանգվածային լրատվության միջոցների հետ առնչվող, պետական համակարգում գործունեություն ծավալող հանրային կապերի մասնագետները գրեթե միշտ պրոֆեսիոնալներ են, որոնք ավելի շուտ հակված են օգնել, քան խանգարել։ Որևէ ցցուն օրինակ, թե որ գերատեսչության խոսնակի հետ աշխատանքը հարթ չի անցել կամ չի հաջողվել՝ չունեմ։

Նախարարության մամուլի քարտուղարը կառույցի դեմքն ու ձայնն է: Բայց որքանո՞վ է ազատ իր խոսքում ու գործողություններում:

– Ինչպես լրագրողը, այնպես էլ մամուլի քարտուղարն իրավունք չունեն առաջնորդվել սուբյեկտիվ մոտեցումներով։ Ե՛վ խոսնակը, և՛ լրագրողը պարտավոր են պահպանել չեզոքություն, առաջնորդվել բազմակողմանիության ապահովման սկզբունքով։ Հարկ է փաստել, որ գերատեսչություններում գործունեություն ծավալող մամուլի քարտուղարներ իրականում ոչ թե ուղղակի գերատեսչության ձայնն ու դեմքն են, այլ հասարակություն-գերատեսչություն համակցված և արդյունավետ կապ պահպանողները։ Խոսնակը կամուրջ է քաղաքացու և պետության միջև։ Ի պաշտոնե խոսնակները նաև կրում են տեղեկատվության ազատության պատասխանատուի պարտականությունները։ Վստահորեն կարող եմ արձանագրել, որ չկա մի իրավիճակ, երբ Շրջակա միջավայրի նախարարությունը սահմանափակի մամուլի քարտուղարի խոսքի իրավունքը։ Ամեն բան պետք է ընթանա ինստիտուցիոնալ աշխատանքի տրամաբանության մեջ։ Խոսնակները հանրային կապերի մասնագետներ են կամ ոլորտային այլ մասնագետներ, որոնց խորհուրդներին ավելի շատ ականջ են դնում, քան ուղղորդում ու խոչընդոտում։

Դուք մոտ երկու ամիս վարել եք Հանրայինի լուրերը, ընտրվել էիք մրցույթով: Ի՞նչ տվեց Ձեզ լրատվականում այդ կարճ շրջանը, ի՞նչն էր դուրս գալու պատճառը: Ժամանակին անվստահություն կար մրցույթների հանդեպ, ի՞նչ է փոխվել այս առումով`արդա՞ր են:

– Ոչ թե երկու ամսի, այլ մոտ կես տարի։ «Առաջին ալիք»-ի լուրերի մեկնաբանի թափուր հաստիքի մրցույթին դիմել եմ, քանի որ վստահ էի, որ ընտրությունը տեղի չի ունենալու անձնական, անհատական ու կամայական ցանկությունների թելադրանքով։ Ինձ հետ մրցույթին դիմել էին բազմաթիվ այլ արժանի ու հմուտ գործընկերներ։ Ես անգամ վստահ էի, որ չեմ կարող մրցակցել նրանց հետ։ Թերահավատ եմ ինքս իմ հանդեպ։ Սակայն մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվեց իմ թեկնածությանը, ինչն ինձ համար հաճելի անակնկալ էր։ Լրատվության ամենժամյա տրամադրման ռեժիմով յուրաքանչյուր ծառայությունում՝ լինի դա «Առաջին» ալիքի լուրերը, թե որևէ այլ հեռուստաընկերության լրատվական բլոկը՝ աշխատելը բարդ է ու չափազանց պատասխանատու։ Կարծում եմ, որ լրատվականում աշխատանքն ինձ առաջին հերթին թույլ տվեց ընկերանալ լավ մասնագետների հետ, ապա նաև հղկել անկանխատեսելի ու այսրոպեական լուծումներ պահանջող տարաբնույթ իրավիճակներում աշխատելու հմտություններս։

Իսկ դուրս գալու պատճառը շատ ավելի պարզ ու մարդկային է, քան շատերը կարող էին ենթադրել։ Իմ առաջին ուղիղ եթերի օրը ծնվեցին իմ զույգ բալիկները, որոնց խնամքը խլում էր աննախադեպ ծավալի էներգիա։ Անդադար անքուն գիշերներն ու քրոնիկ գերհոգնածությունն ինձ ստիպեցին դադար տալ։ Իմ հեռանալու պատճառը փոքրիկներիս ավելի շատ ժամանակ հատկացնելու անհրաժեշտությունն էր, քան դավադրության տարաբնույթ տեսությունները։

Որպես Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ու մամուլի քարտուղար կպատմե՞ք աշխատանքային մեկ օրվա մասին, քանի՞ զանգ, հարցում ու հարցազրույցների հրավերներ են լինում:

– Ինչպես յուրաքանչյուր լրագրող, խոսնակը նույնպես առավոտը սկսում է մամուլի հրապարակումներից։ Եթե որևէ ահազանգ չկա ԶԼՄ-ների կողմից, որոշակի ուսումնասիրություններից հետո սկսվում են աշխատանքներն ինչպես միջազգային գործընկերների հետ համատեղ տեղեկատվական արշավների կազմակերպման և իրականացման մասով, ընթացիկ արշավների կարճաժամկետ խնդիրների լուծմամբ ու փաստաթղթաշրջանառության խնդիրներով, այնպես էլ զուգահեռ շփումներով լրագրող գործընկերների հետ։ Աշխատանքային օրը կարող տևել մինչև 12 ժամ։ Ի համեմատ այլ մասնագիտական ստորաբաժանումների, մենք պարտավոր ենք կապի մեջ լինել 24 ժամ։ Աշխատանքը չի դադարում երբեք։ Եղել են օրեր, երբ հեռախոսը զանգահարել է ավելի քան 150 անգամ։

Որո՞նք են նախարարության գերակա ծրագրերը, առաջնահերթությունները: Ի՞նչ կարևոր խնդիրներ են լուծվել:

– Գերատեսչության գերնպատակը ՀՀ բոլոր քաղաքացիների համար առողջ շրջակա միջավայր ձևավորել է։ Բնության պահպանությունն ու պաշտպանությունը բազմաշերտ ու բազմաբովանդակ ոլորտ է, որտեղ խաչվում են առնվազն երկու տասնյակ մասնագիտական օղակներ։

Անտառպահպանությունից մինչև ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականության մշակում, թափոնների կառավարումից մինչև անտառվերականգնում, մթնոլորտային օդի աղտոտվածության գնահատումներից մինչև ընդերքօգտագործման օրակարգի մշակում, եղանակի կանխատեսումից և մոնիթորինգից մինչև կենսաբազմազանության վերականգնում։

Այս պահին առաջնային ուղղություններ են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և առողջացման կարճաժամկետ ծրագրերի շուտափույթ իրականացումն ու կենսապաշարների վերականգնմանն ուղղված աշխատանքները։ Ակտիվ բարեփոխումներ են ընթանում կադրային քաղաքականության ոլորտում։ Անտառային ռեսուրսների կառավարում ու ընդերքօգտագործման ոլորտի կարգավորումներին ուղղված աշխատանքները նույնպես առաջին պլանում են։

Երկու նախադասությամբ կամ պարբերությամբ պատմել, թե ինչ ծավալի աշխատանքներ են իրականացնում՝ անհնար է։

Երկրում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս են ազդել խոսքի ազատության վրա:

– Դրակա՛ն։ Խոսքի ազատության ինստիտուտն ամրապնդում է դիրքերը, որպես հիմնարար ու առաջնային ուղղություն՝ հասարակության զարգացման և կայացման գործում։ Քաղաքացին ունի լիիրավ իրավունք լսել բազմակողմանի ու փաստարկված կարծիքներ, որոնց ներկայացման հիմնական գործիքը ԶԼՄ-ն է։ Որպես պաշտոնյա, որն աշխատում է լրատվամիջոցների հետ ամենօրյա ռեժիմով՝ փաստեմ, որ չկա մի իրավիճակ, երբ զանգվածային լրատվության միջոցը չկարողանա մեր գերատեսչությունից ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մենք շահագրգռված ենք բաց և թափանցիկ լինել, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք տեղ հասցնել ուղերձներն ու ներկայացնել կատարված աշխատանքը, որը հասարակության մեջ Շրջակա միջավայրի նախարարությունը կդիրքավորի որպես շիտակ գործող գերատեսչություն, իսկ շրջակա միջավայրի պահպանությունը՝ առաջնահերթ կարևորության խնդիր։

#ԴավիթԳրիգորյան #Մամուլ #Մամուլիքարտուղար #Մեդիա #Մեդիապաշտպան