Այսօր իր տարեդարձն է տոնում անվանի դերասան Ռաֆայել Քոթանջյանը

«Որտեղից որտեղ լենինականցի մայրս գալիս է Երևան՝ ընդունվելու բժշկական ինստիտուտ և հանդիպում հորս, որ ծնվել էր Ղարսում: Ես ծնվեցի Թբիլիսիում, ուր հայրիկիս գործուղել էին աշխատելու: Միգուցե եթե Երևան չտեղափոխվեինք, եթե Մայակովսկու դպրոցում չսովորեի ու չհանդիպեի ռուսաց լեզվի ուսուցչուհուն, որ երազել էր դերասանի մասնագիտության մասին, սակայն ինչ-ինչ պատճառով ընտրել էր մանկավարժությունը, և որը իմ մեջ արթնացրեց սերը դեպի բեմ, միգուցե և լսեի հայրիկիս ու ճարտարապետ դառնայի»,- մի առիթով ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

Դերերի պակաս երբևէ չի ունեցել ո՛չ թատրոնում, ո՛չ կինոյում: Նկարահանվել է տարբեր կինոստուդիաներում, լավագույն ռեժիսորների լավագույն ֆիլմերում: Բարձրագույն ռեժիսորական կուրսերի ուսանող էր, երբ նկարահանվեց Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիլմում: «Ես չեմ խաղում,- ասում է Ռաֆայել Քոթանջյանը,- ես մտնում ու ապրում եմ կերպարի մեջ»:

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թ. սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1946 թ. տեղափոխվել է Երևան: 1964 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66 թթ. աշխատել է Զանգեզուրի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68 թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70 թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93 թթ. աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շվարցի «Թագավորը մերկ է», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968 թ.), «Երեքի սրտերում» (1992 թ.), «Ուրախ ուղևորություն» (1994 թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996 թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997 թ.), «Ռոքսոլանա» (1998-2003 թթ.), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998 թ.), «Սերը չար է» (1999 թ.), «Մեր բակը 3» (2006 թ.), «Պոպրիշչին» (2007 թ.), «Մի նայիր հայելուն» (2009 թ.), «11:41» (2015 թ.) և այլն:

1994-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից: 2008-ից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 1980 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003 թ.` ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009 թ.` Գյումրիի Պատվո և նվիրվածության շքանշանի, 2017 թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

«Թատրոնում երջանիկ օրեր շատ են եղել,- ասել է Ռաֆայել Քոթանջյանը:-Դրամատիկականում խաղացել եմ իմ լավագույն կերպարները: Եղել են ներկայացումներ, որ խաղացվել են 300-500 անգամ: Թատրոնում, հնարավորություն ունես դերը կատարելագործելու, նոր գույներ հաղորդելու, կինոյում՝ խաղացիր ու վերջ, լավագույն դեպքում մի քանի դուբլից լավագույնը կարելի է ընտրել»:

«Երջանկությունը լավ ընտանիքն ու սիրած գործն է: Այս առումով երջանիկ մարդ եմ»,- ասում է ժողովրդական արտիստը:

«Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է»,- մեկ այլ առիթով նշել է Ռաֆայել Քոթանջյանը: