Վրաստանը վերադառնում է սահմանափակումներին. վաղվանից կարգելվեն միջոցառումները

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 10-ից կարգելվեն միջոցառումների, այդ թվում` հարսանիքների և նշանադրության, հոգեհանգստի արարողությունների անցկացումը, ինչը պայմանավորված է երկրում համաճարակային իրավիճակի վատթարացմամբ: Այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

«Վաղվանից այս միջոցառումները կարգելվեն: Փաստացի մենք վերադառնում ենք նախկինում գործող սահմանափակումներին` հարսանիքները, նշանադրությունները ու ծննդյան տոները նշելու արգելքներին: Ինչպես գիտեք, այսօրվանից այդ սահմանափակումները գործում են փակ տարածքներում, իսկ  վաղվանից դրանք կգործեն նաև բացօթյա տարածքներում»,-նշել է Մեզվրիշվիլին:

Վրաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսով վարակման 40-ից ավելի դեպք: Երկրում, վերջին տվյալներով, գրանցվել է վարակման 1773 և մահվան 19 դեպք: