Չինաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել Ուզբեկստանի բնակիչների վրա

Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարությունը նախօրեին հայտնել է, որ Չինաստանը ցանկանում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը փորձարկել ուզբեկ կամավորների վրա: Նախարարության փոխանցմամբ՝ այժմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, գրում է eadaily.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ կողմերի առցանց հանդիպմանը մասնակցել են Ուզբեկստանի շահագրգիռ նախարարությունների, Չինաստանի գիտությունների ակադեմիայի, Գիտական կազմակերպությունների միջազգային դաշինքի, ինչպես նաև պատվաստանյութի հեղինակ Anhui ZhifeiLongcom Biopharmaceutical ընկերության ներկայացուցիչները:

Նշվում է, որ Չինաստանում ավարտվել է պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը․ պատվաստանյութը MERS, SARS և COVID-19 վիրուսների դեմ ունիվերսալ ազդեցություն ունի, այն ստեղծվել է Չինաստանի պետական ֆարմակոպեայի պահանջների խստագույն պահպանմամբ, ուստի առանձնանում է անվտանգության բարձր մակարդակով։

Նշվում է, որ սա աշխարհում կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութն է։ Փորձարկումների առաջին և երկրորդ հաջողված փուլերից հետո երրորդ փուլը կանցկացվի 2020 թվականի չորրորդ եռամսյակում։