Պետք է անհապաղ հայտնաբերել «բժշկական սպիրտ» կոչված թունավոր մեթանոլը ու նրա արտադրողին

2020թ. սեպտեմբերի 1-ին, ընդամենը մեկ օրում մենք Արմավիրում և Երևանում ալկոհոլային սուր թունավորումից ավելի շատ զոհեր ունեցանք, քան անցած հուլիսին Տավուշում Ադրբեջանի սադրանքով սկսված մարտերի ողջ ընթացքում: Իսկ երեկ ժամը 11-ի դրությամբ մահվան դեպքերն արդեն ավելացել են ևս 4-ով և հասել 14-ի, ու բացառված չէ, որ առաջիկայում էլի ավելանան:

Տեղեկացնելով, որ ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Facebook»-ի իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է:

Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:

27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»:

Այսօր ԱՆ հրապարակած տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ Հայաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից:

Ալկոհոլից թունավորման 38 դեպք, 14 մահ. կատարվածը` ալկոհոլից զանգվածային թունավորումը, Հայաստանում իր մասշտաբով թերևս աննախադեպ է:

Արմավիրի մարզում արձանագրված դեպքերի առնչությամբ, քննչական կոմիտեի հաղորդադրության համաձայն, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է տնայնագործական եղանակով օղիների արտադրությամբ և վաճառքով զբաղված Արմավիր քաղաքի 50-ամյա բնակիչ Աշոտ Հովսեփյանը: Նրա փաստաբանի ներկայացրածով, Աշոտ Հովսեփյանն ասել է որ Արմավիրցի տղամարդուց է գնել սպիրտը, վերջինս էլ հայտնել է, թե ինքն ումից է գնել: Փաստաբանն ասել է նաև, որ Հովսեփյանին սպիրտ վաճառած անձը նրան հավաստիացրել է, թե ցորենից ստացված մաքուր սպիրտ է:

Ըստ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ: Նրանցից մեկը Հովսեփյանին սպիրտ վաճառած Արմավիրի բնակիչն է, ում անունն առայժմ չի հրապարակվում, մյուսն էլ հավանաբար նա, ումից սպիրտը գնել և Հովսեփյանին է վաճառել Արմավիրի մարզի այդ բնակիչը:

Ըստ արմավիրցիների, Աշոտ Հովսեփյանն ավելի քան 10 տարի սպիրտ էր գնում ու տնային պայմաններում օղի պատրաստում: Հարուցված քր. գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի։ Հովսեփյանն օղին պատրաստել է տան նկուղում: Արմավիրում ալկոհոլային թունավորումից մահացածներից երկուսը եղել են Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ:

Կարծում ենք, բոլորին էլ հասկանալի է, թե մարդիկ ինչու են խանութից նորմալ օղի գնելու փոխարեն, այսպես ասած, ձեռքի վրայից գնել ու գնում կասկածելի ծագման օղի. այն պարզապես էժան է եղել ու մնում է էժան, քանի որ այդպիսի օղու գինն իր մեջ չի պարունակում ակցիզային հարկը, արտադրողի կողմից վճարվող մյուս հարկերը, վճարները, խանութի առևտրային վերադիրը: Լցված լինելով ոչ ալկոհոլային ըմպելիքների դատարկ շշերի մեջ (ինչն առողջության համար վնասակար է և անթույլատրելի), չի պարունակում նաև ապակյա տարրայի, խցանի ու պիտակի արժեքը և այլն: Մյուս կողմից` Հայաստանում վերջին տարիներին գործարանային արտադրության օղու գները բարձրացել են թե՛ արտադրողների ու ներկրողների կողմից, թե՛ վարվող հարկային ու մաքսային քաղաքականության հետևանքով:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Աշոտ Հովսեփյանը ջրով բացելու եղանակով օղի ստանալու համար սպիրտը գնել է երկրորդ կամ երրորդ ձեռքից, և նույնիսկ այդ պայմաններում սպիրտի գինը ձեռնտու է եղել նրան, ինչը նշանակում է, որ սպիրտի սկզբնական գինը եղել է շատ ցածր, հետևաբար սպիրտը եղել է ոչ թե օղու արտադրության համար նախատեսված էթիլսպիրտ (էթանոլ) , այլ դրանից էժան տեխնիկական սպիրտ, հավանաբար մեթիլ սպիրտ (մեթանոլ): Հոսպիտալացված քաղաքացիների էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշանների մասին է նշված նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ: Հստակ նշված է` «…մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով…»:

Հենց այստեղ անդրադառնանք ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի վերը մեջբերված ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի, հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում, և որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Բնականաբար, հարց է առաջանում, թե նրանք ինչ են օգտագործել, քանի որ արդեն պարզ է, որ նրանց օգտագործած ալկոհոլը Աշոտ Հովսեփյանի կողմից տնայնագործական եղանակով պատրաստված օղին չի եղել:

Ալինա Նիկողոսյանի նույն գրառման մեջ նշված է. «Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»: Բժշկական սպիրտից (էթանոլ), որի 0,5 լիտրը (96 %) արտաքին մակերեսների ախտահանմամբ նոր կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու նպատակով մայիսին թե հունիսին դեղատնից գնել եմ 800-900 դրամի սահմաններում և առ այսօր չեմ օգտագործել, նման թունավորում չի կարող լինել (իհարկե, եթե այն իսկապես էթիլ սպիրտ է), հետևաբար պարզ է, որ իբրև բժշկական սպիրտ, էթանոլի անվան տակ իրացվել է թունավոր մեթանոլ, այսինքն` տուժածները հենց դրանով պատրաստված օղին են օգտագործել:

Նախաքննությունն իրականացնող մարմնի, նրա հանձնարարությամբ ոստիկանության, կարծում ենք, նաև ԱԱԾ-ի խնդիրն է դեղատներում և այլուր անհապաղ լայնածավալ ստուգումներով հայտնաբերել այդ «բժշկական սպիրտ» կոչված թունավոր մեթանոլը ու նրա արտադրողին (սպիրտի կեղծարարին), ով էլ որ նա լինի…  Էժան մեթիլ սպիրտն իբրև էթիլ սպիրտ վաճառելով, հավանաբար մտածել է, թե մարդիկ դրանով ձեռքերն են ախտահանելու, վնաս չկա, ու հաշվի չի առել, որ ոմանք այն կարող են ջրով բացել, խմել ու մահանալ: Մեթանոլի 30 միլիգրամն արդեն մահացու է մարդու համար:

Արթուր Հովհաննիսյան