Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է (տեսանյութ)

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հացին, թե կարելի՞ է արդյոք զուգահեռներ անցկացնել տավուշյան դեպքերի և Ապրիլյան պատերազմի միջև, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ որևէ կերպ չի կարելի Ապրիլյան պատերազմը և տավուշյան իրադարձությունները միմյանց հետ համեմատել։

«Անշուշտ, Տավուշում մեր Զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր։ Սա պետք է գնահատել և շնորհավորել մեր Զինված ուժերին։ Բայց նույնը պետք էր անել 2018 թ․ մայիս-հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ։ Դա անհրաժեշտություն էր»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն այդ հարցի հետ կապված երկու նկատառում ունի՝ ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ ինքը, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեին, թե հատկապես ո՞ր սխրագործության համար 71 հոգին պիտի պարգևատրվեն «Մարտական խաչ» շատ բարձր շքանշանով։ Մյուս նկատառումն այն է, թե 1994 թ․ կնքված հրադադարից հետո, երբ առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի մի էր բերում նախորդ 4 տարվա ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, ընդամենը երկու տասնյակ հոգի պարգևատվեցին «Մարտական խաչով»։

Այդուհանդերձ, համեմատելով այդ երկու գործողությունները՝ նախագահն ասաց, որ այդ ռազմական գործողությունների տարբերությունը շատ մեծ է. «Մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք մղվում էին 200 կիլոմետրից ավելի հատվածում, մեկ այլ բան՝ մարտական բախումը, որը տեղի է ունենում  մի քանի հարյուր մետր հատվածներում։ Սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Բայց ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր զինված ուժերը իրենց ցուցաբերեցին լավագույնս։ Գոնե հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ մեր զինված ուժերը մարտունակ չեն։ Սա ամենալավ ապացույցն էր, և ես համոզմունք ունեմ, որ հետագայում ևս մեր զինված ուժերն իրենց կցուցաբերեն լավագույն կողմից»։

Ադրադառնալով դիրքային բարելավումներին, կորուստներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ 1994 թվականի հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել։ Մինչև Ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում՝ Արարատի մարզում, Վայոց Ձորում, Սյունիքում, Տավուշում ու նաև շփման գծում մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ․ «Կարող եք հարցնել Տավուշի սահմանները պաշտպանող երրորդ բանակային կորպուսի հրամանատարներ գեներալ Լևոն Երանոսյանին, գեներալ Օնիկ Գասպարյանին, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, որն այն ժամանակ էլ, հիմա էլ կորպուսի հրամանատար է։ Կարող եք հարցնել մեր մյուս կողմի կորպուսի այն ժամանակվա գեներալներին, հատկապես գեներալ Անդրանիկ Մակարյանին, թե ինչքան բարելավումներ ենք մենք ունեցել Ապրիլյան պատերազմից առաջ և դրանից հետո։ Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև կարևորը մեզ համար եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա դիրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքն ընդլայնելու։ Կարևորն այն չէ, որ դրա համար մենք շեփորահարենք՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ և այսպիսով շահագրգռելով Ադրբեջանին՝ փոխադարձ գործողություն կատարելու։ Հսկայական տարածքներ են, ես իրավունք չունեմ ասելու, թե ինչքան, բայց հավատացնում եմ, որ շատ լուրջ բարելավումներ ենք ունեցել»։

Լրագրողի հարցին՝ արդյոք մեր հակահետախուզությունը, քաղաքական և ռազմական ղեկավարությունը տեղյա՞կ էին ադրեջանցիների հարձակումների մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես խորապես համոզված եմ՝ բոլոր այն հայտարարությունները, թե մենք իբրև իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում՝ հետախուզության կողմից տրամադրված տեղեկություններին կամ եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ։ Ոչ, մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»։

Երրորդ նախագահի դիտարկմամբ՝ այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է. «Սա էլ է մասնագիտական հարց և պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։ Կարծում եմ, որ դուք չեք կասկածում՝ աշխարհի լավագույն հետախուզական ծառայություններից մեկը Միացյալ նահանգների հետախուզական ծառայությունն է, որը նախնական տեղեկություն չուներ սեպտեմբերի 11-ի ողբերգության իրականացման մասին։ Ես կարող եմ այդպիսի տասնյակ օրինակներ բերել։ Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է։ Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն։ Եվ ենթադրվող հարձակման հատվածներում կատարվել է համապատասխան աշխատանք»։

Մանրամասները՝ տեսանյութում