ԲՈԿ նախագահի անօրինական հրամաններից մեկը՝ վարույթ հարուցելու մասին, ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ ինձ գիտական աստիճանից զրկելու հրամանը՝ առոչինչ. ՀՊՏՀ ռեկտոր

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ ԲՈԿ նախագահի հրամանների մասով երկու բողոք էր ներկայացրել ԿԳՄՍՆ, երկուսն էլ բավարարվել են: Գրառումը կարդացեք ստորև.

«Սիրելի՛ ընկերներ,

Ինչպես արդեն հայտնել էի ԲՈԿ նախագահի բացառիկ ապօրինի հրամանների մասով վերադասության կարգով վարչական երկու բողոք էի ներկայացրել ԿԳՄՍՆ։ Տեղեկացնում եմ, որ երկուսն էլ բավարարվել են և ԲՈԿ նախագահի այդ խայտառակ անօրինական հրամաններից մեկը՝ վարույթ հարուցելու հրամանը, ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ գիտական աստիճանից զրկելու հրամանը՝ առոչինչ։ Ապացուցվեց, որ ԲՈԿ նախագահը իրեն վերագրել է գործառույթներ, որոնք օրենքով իրեն վերապահված չեն, ինչպես և ես պնդում էի ի սկզբանե: Պետք է նշեմ, որ ատենախոսությանս հետ կապված ցանկացած հետագա շահարկման մասով դատական հայց եմ ներկայացնելու։ Արդեն տևական ժամանակ է՝ որոշ մարդիկ իրենց անձնական շարժառիթներից և ամբիցիաներից դրդված թիրախավորել են անձս և կանգ չառնելով նույնիսկ պաշտոնեական լիազորությունները անցնելու և ինքնիրավչության քրեորեն պատժելի արարքների առջև՝ ապատեղեկատվության և կեղծիքի տարածման միջոցով արշավ են սկսել իմ և ՀՊՏՀ-ի դեմ, ինչը անպատասխան չեմ թողնելու։ Այսօր դեռ այսքանը, իսկ ֆեյսբուքյան «փոթորիկների» սիրահարները ապօրինությունների համար դեռ պատասխան են տալու դատարանում։

Առո՛ղջ եղեք:
Հարգանքով՝
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ»: