Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ ռուսաստանյան գրանցված կորոնավիրուսային պատվաստանյութը «կաշխատի»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը, իր հերթին, ևս բավականին առաջ է գնացել պատվաստանյութ մշակելու հարցում:

Այս շաբաթվա սկզբին ՌԴ Առողջապահության նախարարությունը գրանցեց աշխարհում առաջին պատվաստանյութը`COVID-19- ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյա հետազոտական ​​կենտրոնի կողմից` Ռուսաստանի Դաշնության ուղիղ ներդրումային հիմնադրամի հետ համատեղ:

Դեղը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Ռուսաստանի ուղիղ ներդրումային հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ասել է, որ հիմնադրամը ստացել է հայտեր՝ ավելի քան 20 երկրներից՝ մեկ միլիարդ դոզա գնելու համար:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը համաձայնեցրել է պատվաստանյութերի արտադրությունը հինգ երկրներում, որոնց կարողությունները թույլ կտան տարեկան 500 միլիոն դոզա արտադրել: