ՄԱԿ ԱԽ-ը չի հաստատել Իրանի դեմ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու ամերիկյան բանաձևը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի դեմ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բանաձևին կողմ է քվեարկել երկու պետություն՝ ԱՄՆ-ը և Դոմինիկյան Հանրապետությունը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, ևս 11 երկիր ձեռնպահ է քվեարկել:

Զենքի ներմուծման գործող էմբարգոյի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցը ՄԱԿ ԱԽ-ում քննարկելու օբյեկտիվ հիմքերը բացակայում են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է առաջիկայում ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամ-երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողով հրավիրել՝ Իրանի միջուկային գործարքի խնդիրը քննարկելու նպատակով: