Մենք փակ չենք պահում սահմանը, դա ՌԴ-ի քաղաքականությունն է, նրանք չեն ընդունում ձեզ․ Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին (տեսանյութ). Tert.am

Արտագնա աշխատանքի մեկնողները և Ռուսաստանում բնակվող քաղաքացիները ցանկանում են գնալ ՌԴ, սակայն փակ սահմանների պատճառով դրա հնարավորությունը չունեն։ Կառավարության դիմաց նրանք փակ սահմանների դեմ բողոքի ակցիա են անում։ Պահանջում են հանդիպում կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Իմ ընտանիքը մնացել է ՌԴ-ում, ես Հայաստան եկա բուժման նպատակով և մինչև հիմա մնացել եմ, չեմ կարողանում գնալ։ Մի ամիս հետո նորից կասեն՝ մի ամսով էլ ենք երկարացնում արտակարգ դրությունը, ժողովուրդը հոգնել է արդեն։ Ժողովուրդը 3 տարեկան երեխա չէ, որ խաբեն ամեն օր, չի կարելի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության դիմաց զրուցեցին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, խնդրեցին բանակցել ՌԴ-ի հետ՝ իրենց մուտք Ռուսաստան թույլատրելու հնարավորության շուրջ։

«Մենք փակ չենք պահում սահմանը, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում։ Ռուսաստանն այդ քաղաքականությունն իրականացնում է բոլոր երկրների համար»,- ասաց ԱԳ նախարարը։

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները նաև հանդիպեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նշեց.

«Պարոն Բադասյանը Կառավարության նիստին խոսեց մեղմացումների մասին, ավելին կներկայացվի Ազգային ժողովում։ Ճիշտն ասած, սահմանների հարցին ես չեմ տիրապետում։ Խնդրում եմ, հեռախոսահամար փոխանցեք, ես պարետատնից կճշտեմ, ձեզ կտեղեկացնեմ»։