Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 342 հոդված, որոնցից 4-ը եղել է բացասական, 6-ը՝ դրական, 332-ը՝ չեզոք։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

Սահմանային լարվածության Ֆոնին մամուլում նշվում է, որ Փաշինյանն ու Մնացականյանը դեռ չեն կարողանում Հայաստանի շահերից բխող որևէ միջազգային արձագանք ապահովել։ Վերլուծության մեջ նաև ասվում է. «Կրակը դադարեցնելու միջազգայինների կոչերն անատամ ու թույլ են, Հայաստանի տարածքի ռմբակոծումն ուղիղ չի քննադատվում, Ռուսաստանը հերթապահ հայտարարություններ է անում, Վրաստանը միացավ հակահայկական հայտարարության, ժողովրդավարության փարոս և Արմեն Գրիգորյանի ու Զոհրաբ Մնացականյանի երազանքների կազմակերպության` ԵՄ հանձնակատար Ժոզեֆ Բորելը բավարարվեց անիմաստ թվիթերյան գրառմամբ»:

Դիտարկմանը, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ մշտապես միջազգային գործընկերների հետ կապի մեջ են, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասել է, որ դա դեռ չի նշանակում խնդրի լուծում։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պլանավորել էր խորհրդի նիստ անցկացնել, որը տեղի չի ունեցել։ Քաղաքագետը կարծում է՝ նիստի չկայացման պատճառները շատ են, բայց, ըստ նրա, այդ ամենի հիմքը դրվել է 2018 թվականին, երբ ձերբակալվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Արսեն Խառատյանն էլ, անդրադառնալով թեմային, նշել է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, գյուղերը ՀՀ տարածքում՝ ուղարկելով հրթիռներ, ռումբեր։

Այնինչ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին։ Նա հիշեցրել է նախօրեին ԱԳ նախարարի անդրադարձը, որտեղ Զոհրաբ Մնացականյանը հստակ նշել էր, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղ գործընթացին։

Անդրադառնալով ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը` մամուլը գրել է. «Հանդիպման շեմին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը տարածել էր կոշտ և որևէ փոխզիջում բացառող հայտարարություն, փաստորեն հարվածելով դրանից հետո համանախագահների հետ բանակցության պատրաստվող արտգործնախարարին և միաժամանակ ստեղծելով Հայաստանի համար կոշտ դիրքորոշման պատեհ հնարավորություն, որից էլ հիանալի օգտվեց Զոհրաբ Մնացականյանը»: