«Բացառվում է, որ Ադրբեջանը հարված հասցնի Մեծամորի ատոմակայանին, դրանից առաջինը կտուժի իր դաշնակից Թուրքիան». Արշավիր Ղարամյան. «Փաստինֆո»

«Բացառվում է, որ Ադրբեջանը հարված հասցնի Մեծամորի ատոմակայանին, որովհետև դրանից առաջին և ամենամեծ վտանգը կհասցնի իր բարեկամ և ռազմավարական դաշնակից Թուրքիային», – «Փաստինֆոյի»  հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատուն այսօր հայտարարել է, թե ադրբեջանական կողմը պատրաստվում է հարված հասցնել նաև Մեծամորի ատոմակայանին։

Անդրադառնալով այն հարցին, որ ադրբեջանական զինուժը շարունակում է իր ռազմական գործողությունները Տավուշում՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հացի փուռն ու մանկապարտեզը՝ Արշավիր Ղարամյանը նշել է. «Սա Ադրբեջանի ձեռագիրն է։ Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ցուցաբերած բացարձակ հարձակման և ագրեսիայի դրսևորումը, ինչես նաև՝ դրա ձախողումը ցույց է տալիս, որ ինչպես 2016 թվականին ապրիլին, այնպես նաև հիմա՝ հագեցված լինելով գերժամանակակից զինատեսակներով, Ադրբեջանի բանակը մնում է անմարտունակ։ Հարձակվելով քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության վրա, Ադրբեջանն ի ցույց է դնում թույլ բանակի և այդ բանակի թույլ ղեկավարի հոգեբանությունը։ Սա բացարձակ թույլ մարդու հոգեբանություն է»։

Խոսելով այն մասին, որ թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների պարագայում անգամ միջազգային հանրությունը շարունակում է լռություն պահպանելու իր սովորույթը՝ Արշավիր Ղարամյանը նկատել է՝ միջազգային հանրությունը միշտ է լռել. «Մեր հույսը մենք ենք ու մեր բանակը։ Հարկավոր է մի բռունցք դառնալով միավորվել և կանգնել հայ զինվորի կողքին, որպեսզի մեր հաղթանակն ամրագրենք, որը միայն հայ զինվորի բազկի ու ժողովրդի միասնականությամբ է գալու, ուրիշ ճանապարհ չկա»։