Արայիկ Հարությունյանը Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի հետ հանդիպմանը հանձնարարել է զոհված ազատամարտիկների 10 ընտանիքների համար կառուցել առանձնատներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Վերջինս նախագահին զեկուցել է շրջանում իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների, այդ թվում՝ երաշտից առաջացած խմելու ջրի սակավության և սոցիալական ծրագրերով նախատեսված բնակապահովությանն առնչվող հարցերի մասին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Շուշիի շրջանի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով տարբեր մեծածավալ ծրագրեր են նախատեսվում:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բերդաքաղաքի խմելու ջրի խնդրի լուծման համար կարճ ժամանակում ուսումնասիրել նոր ջրագծի կառուցման հնարավորությունները, լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ հատկացնել սոցիալական ծրագրերով տրամադրվող շինանյութերի ձեռքբերման համար, ինչպես նաև` զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման շրջանակներում հերթացուցակում գտնվող 10 ընտանիքների համար կառուցել առանձնատներ:

Նախագահն ընդգծել է, որ Շուշի քաղաքի կենտրոնական հատվածներում հողատարածքների տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի՝ մինչև քաղաքի գլխավոր հատակագծի կազմումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը և նախագահի խորհրդական Սերգեյ Գրիգորյանը: