Ասելով՝ ով չի կարող գույքահարկը վճարել, թող տունը վաճառի, պատգամավորներն արտագաղթի կոչ են անում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է երգիչ, երգահան Վահան Արծրունին, որի հետ խոսեցինք գույքահարկի թանկացման մասին խնդրահարույց և հասարակական մեծ դժգոհություն առաջացրած օրենքից։ Ինչպես հայտնի է, Վահան Արծրունին ֆեյսբուքյան հարթակում նախաձեռնել էր հին երևանցի ֆլեշմոբը՝ ընդդեմ գույքահարկի թանկացման, որը միանշանակ չընկալվեց, բայց ամբողջ գաղափարը այդ օրենքի կիրառման հետևանքով մեր մշակութային կապիտալը զրոյացնելու մասին բարձրաձայնումն էր և մարդկանց գիտակցությանը հասցնելը, որ այդ օրենքը բոլորի համար է սոցիալական բեռ դառնալու։ Բացի դրանից, այդպիսով իշխանությունները խթանում են երկրից արտագաղթը, երբ իշխանական պատգամավորը հայտարարում է՝ եթե քաղաքացին գույքահարկ վճարելու հնարավորություն չունի, թող վաճառի իր թանկարժեք տունը։ Վահան Արծրունին զգուշացնում է, որ չիմացության հետևանքով ստեղծված օրենքը շատ լուրջ մարտահրավեր է մեր ազգին, մեր պետությանը։

Հիշեցնենք, որ վերջերս Վահան Արծրունին, Հրանտ Թոխատյանը, Մարկ Գրիգորյանը և այլ մտավորականներ հանդիպել էին ԱԺ և կառավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու օրենքի իրենց մտահոգող դրույթները: Սակայն հանդիպման ժամանակ իրենց ներկայացված փաստարկներն այդպես էլ որևէ պատասխան չստացան, և երաժիշտը եզրահանգում է, որ այս խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, երբ մարդիկ կգիտակցեն ամբողջ խնդիրը և իշխանությունների առաջ նման պահանջ կդնեն։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նաև հանրակրթական դպրոցի նոր չափորոշիչներից, որոնք նույնպես լի են խնդիրներով և հանրության շրջանում բացասական արձագանք գտան։ Մասնավորապես չափորոշիչները նախատեսում են վերացնել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան, և այն ինտեգրել այլ հասարակագիտական առարկաներին, կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը դպրոցում, փոխարենը ավելացնել օտար լեզուների դասաժամերը, հիմքեր ստեղծել դպրոցներում սեռական կրթության համար։

Մանրամասները՝ տեսանյութում