Հնդկաստանը շրջանցել է Ռուսաստանին COVID-19 դեպքերի թվով

Հնդկաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել կորոնավիրուսով հիվանդների թվով՝ անցնելով Ռուսաստանին: Այս մասին հայտնում է Deccan Herald թերթը՝ հղում անելով սեփական հաշվարկներին:

Հրապարակման համաձայն, կիրակի երեկոյան Հնդկաստանում հայտնաբերվել է հիվանդության 694 053 դեպք: Թերթը հիշեցնում է, որ Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում ամենաշատ դեպքերը ԱՄՆ-ում են, այնտեղ գրանցվել է կորոնավիրուսների 2,85 միլիոն դեպք, երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ ավելի քան 1,57 միլիոն մարդ ունի կորոնավիրուսային հիվանդություն, իսկ Ռուսաստանում կա ավելի քան 680 հազար հիվանդ:

Պաշտոնական տվյալներով, կիրակի առավոտյան Հնդկաստանում կորոնավիրուսով հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 673 հազարը, մահացել է ավելի քան 19 հազար մարդ:

Չնայած դեպքերի թվի աճին, իշխանությունները հունիսի վերջին հայտարարեցին մեկուսացումից դուրս գալու երկրորդ փուլի մասին: Համաձայն նոր կանոնների՝ այն վայրերում, որոնք հայտարարվում են կորոնավիրուսի տարածման գոտիներ (որտեղ հիվանդների թիվը շարունակում է աճել), մեկուսացման ռեժիմը երկարաձգվում է մինչև հուլիսի 31-ը: Դպրոցների և համալսարանների աշխատանքների դադարեցումը երկարացվել է մինչև նույն ժամանակահատվածը: Առաջին փուլի ընթացքում, որը սկսվել էր հունիսի 8-ին, թույլատրվել է բացել տաճարներ, հյուրանոցներ, ռեստորաններ և առևտրի կենտրոններ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 11 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 528 հազար մարդ: