«Մեդիա պաշտպան»-ը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ նման ճնշումները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ոստիկանությունը մտել է «Արմնյուզ» և TV 5 հեռուստաընկերությունների խմբագրություն և հաղորդավարների դիմակ չկրելու առիթով վարչական վարույթներ է հարուցել: Այս առնչությամբ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարզաբանում է խնդրել «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանից. «Բավական զարմացած եմ ոստիկանության այսօրվա այցելությունից, որովհետև առաջին իսկ օրվանից, ինչ ունենք կարանտինային պայմաններ, «Քառյակ մեդիան» և, մասնավորապես, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը ոչ միայն պահպանել է կարանտինային կանոնները, այլև եղել է առաջին հեռուստաընկերությունը, որն անցել է ամբողջությամբ հեռավար ռեժիմի, որպեսզի պահպանենք կարանտինային կանոնները և կոչ անենք մարդկանց, որպեսզի մնան տներում և չվարակեն միմյանց: Ու այս կոնտեքստում, կարծում եմ, եթե նույնիսկ ինչ-որ խնդիր թույլ է տրվել չհասկանալու կամ տարընթերցման պատճառով, կարելի էր պարզապես զանգահարել, զգուշացնել, և խնդիրը միանշանակ կշտկվեր, որովհետև մենք պատրաստ ենք համագործակցության:

Շատ զարմացած եմ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումից և շատ զարմացած եմ այն ձևակերպումներից, որը նա օգտագործում է: Ինձ թույլ չեմ տա դրանք կրկնել, բայց բացի 168 ժամին հարցազրույցը, Արմնյուզ հեռուստաընկերության տնօրինությունը մեկ շաբաթ շարունակ բանակցությունների մեջ է եղել ՀՌՀ նախագահի հետ, արդյոք պետք է դիմակ կրել եթերում, թե ոչ: Դրանից հետո անգամ ՀՌՀ-ում եղել է տարակարծություն ՀՌՀ նախագահի և իրավաբանի միջև, ասեմ ավելին՝ իրավաբանը պնդել է, որ պետք է դրվի, ՀՌՀ նախագահն ասել է, որ պետք չի դրվի, և վերջում մենք լսելով Տիգրան Հակոբյանին չենք դրել դիմակներ եթերում, և հիմա ասել, որ ընդհամենը հենվել են փոքրիկ խորհրդի վրա, կարծում եմ, որ այս ձևակերպումը առնվազն ճիշտ չէ և չի բխում գործընկերային հարաբերություններից: Ուզում եմ ֆիքսել, որ ոստիկանությունների այցելությունները ցանկացած երկրում, ցանկացած խմբագրություն և առհասարակ ցանկացած մամուլի միջոցի տհաճ ֆոն են ստեղծում, և որպեսզի դա որոշակի եզրահանգումների ու վերլուծությունների տեղիք չտա, ամեն գնով պետք է դրանից խուսափել, իսկ խուսափելու եղանակներ բազմիցս տրված էին ու կարելի էր դրանից խուսափել: Հուսով եմ, որ հետագայում մեզ հետ հարաբերությունները չեն լինի այդ ֆորմատով, այլ ՀՌՀ, որը կարգավորող մարմին է, կվերականգնվի իր լիազորությունների մեջ, և ոչ միայն հետ կպահի գործընկերներին ոստիկանների այցելություններից, այլև ինքը կնախաձեռնի, որ խնդիրները շտկվեն վայրկյան առաջ:

Ինչ վերաբերում է ՀՌՀ նախագահի արտահայտությանը, թե Արմնյուզ հեռուստաընկերությանը գումար է տրվել, կարծում եմ այդ շահարկումը առնվազն գեղեցիկ չէ, որովհետև Արմնյուզ հեռուստաընկերությունը առաջին օրվանից անշահախնդրորեն ցուցադրել է պարետատան և Առողջապահության նախարարության բոլոր հոլովակները, որոնք ուղղված էին կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ու բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, և կարծում եմ, ասել, որ գումար են տվել, առնվազն գեղեցիկ չէ, որովհետև Արմնյուզ հեռուստաընկերությունն առաջին իսկ օրվանից անշահախնդրորեն կառուցել է գործընկերային հարաբերություններ, ու շահարկումը, կրկնում եմ, շատ գռեհիկ է»: Իսկ «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ ֆեյսբուքյան գրառմամբ իր կարծիքը հայտնել է և ավելացնելու ոչինիչ չունի: Մեջբերենք.

«Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ ևս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների, կգնանք դուրս՝ ԵԴ»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ նման ճնշումները, որը վախի մթնոլորտ է ստեղծում ու խոչընդոտում է խոսքի ազատությանն ու լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությանը: