«Տաշիր» հիմնադրամը 300 հազար դոլար է նվիրաբերել Հայաստանի շտապօգնության ծառայության աշխատակիցներին

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել  «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1 786 բժիշկներին,  բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Այս մասին համատեղ հաղորդագրություն են տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը․

«Այսօր շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հետևյալ բաշխման ցուցակի՝ Երևան – 36 930 000 դրամ, Կոտայքի մարզ – 16 020 000 դրամ, Լոռու մարզ – 16 645 000 դրամ, Շիրակի մարզ – 13 330 000 դրամ, Արարատի մարզ – 11 740 000 դրամ, Արմավիրի մարզ – 9 795 000 դրամ, Գեղարքունիքի մարզ – 9 985 000 դրամ, Սյունիքի մարզ – 8 630 000 դրամ,Արագածոտնի մարզ – 7 960 000 դրամ, Տավուշի մարզ – 7 925 000 դրամ, Վայոց Ձորի մարզ – 4 890 000 դրամ։

Նշենք, որ «Տաշիր» հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Դեռ ապրիլին «Տաշիր» հիմնադրամը ևս 100 000 ԱՄՆ դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։

Ս․թ․ մարտի 18-ից սկիզբ առած համահայկական «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք–արշավն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցութամբ։

Ընդհանուր առմամբ, արդեն հավաքագրվել է 770 000 ԱՄՆ դոլար, որից շուրջ 600 հազարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը,  Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։ Միևնույն ժամանակ արտերկրից ստացվել են մեծածավալ նվիրատվություններ ապրանքի տեսքով, որոնք փոխանցվել են առողջապահության նախարարությանը։ Դրամահավաք-արշավի ընթացքում շարունակում է ընդլայնվել նաև համահայկական ցանցը, ստեղծվում են նոր համագործակցություններ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ։

Համահայկական այս կարևոր շարունակական ձեռնարկին կարող եք միանալ  հետևյալ հղմամբ՝ www.himnadram.org»-  ասված է հաղորդագրության մեջ։