Ինչո՞ւ են փակել Երևանում գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը․ ահազանգում են ծնողները (տեսանյութ)

2020 թ. մարտի12-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշմամբ բոլոր մյուս դպրոցների հետ փակվեց նաև գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը:

Գեղասահքը եզակի մարզաձևերից է, որի զարգացման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ, և այդ պայմանները ապահովելու փոխարեն ուղղակի աղետ է ամիսներ շարունակ դպրոցը փակ պահելը: Այս մասին ահազանգում են ծնողներն ու մարզիչները, որոնք հավաստիացնում են, որ մարզումների տևական հետաձգումը անդառնալի հետևանքներ կունենա ինչպես դպրոցի ապագայի, այնպես էլ երեխաների մարզավիճակի վրա: Այս ամենը Հայաստանում կգրանցի սպորտաձևի անկում և իսպառ վերացում:

«Իհարկե, մենք գիտակցում ենք համաճարակի լրջությունը, սակայն համոզված ենք, որ դպրոցը կարող է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները անվտանգ մարզվելու համար: Նշենք նաև, որ դպրոցում զուգապարողներ չկան, մարզվում են միայն անհատական ելույթ ունեցող մարզիկները, որոնք պահպանում են 2 մետրից ավելի հեռավորություն»,- իրենց տարածած հայտարարության մեջ նշել են ծնողները:

Մասնագետները կարծիք են հայտնում, որ այս համաճարակը դեռ երկար է լինելու մեր կյանքում: Բոլորը գիտեն, որ սպորտը բարձրացնում է իմունիտետը, իսկ գեղասահքը սուր շնչառական հիվանդությունների ամենալավ կանխարգելիչ միջոցն է։

Ուստի թե ծնողներն ու մարզիչները, թե առավելևս դպրոցի սաները խնդրում են վարչապետին և պարետին՝ թույլ տալ դպրոցի վերաբացումը և աջակցել սառույցի պատրաստման աշխատանքներին մինչև արտակարգ իրավիճակի ավարտը, որից անմիջապես հետո (հուլիսի 15-ից) երեխաները առանց ժամանակի կորստի կվերսկսեն մարզումները:

Ծնողներն անգամ ստորագրահավաք են կազմակերպել՝ կառավարությանը և այլ իրավասու կառույցներին դիմելու համար, և եթե մինչև արտակարգ դրության ավարտը խնդիրը չլուծվի, նրանք պատրաստ են խնդրին ավելի մեծ հնչեղություն տալ։

Մանրամասները՝ տեսանյութում