Աշխարհում մոտ 300 մլն մարդ թմրանյութ է օգտագործում․ ՄԱԿ-ի զեկույց

ՄԱԿ-ի թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի վարչության հրապարակած զեկույցում նշվում է, որ աշխարհում գրեթե 300 մլն մարդ թմրամիջոց է օգտագործում, գրում է  swissinfo.ch կայքը։

«2018 թվականին աշխարհում մոտ 269 մլն մարդ թմրանյութ է օգտագործել․ այս թիվը 30 տոկոսով ավելի է 2009 թվականին հրապարակված ցուցանիշից»,- գրված է 2020 թվականին թմրանյութային իրավիճակի մասին զեկույցի վերաբերյալ կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

Զեկույցում փորձագետները մասնավորապես վերլուծում են կորոնավիրուսի համավարակի հետևանքներն այս շուկայի վրա։ Նրանց գնահատականով՝ գործազրկության մակարդակի աճի և մի շարք այլ գործոնների պատճառով «բնակչության առավել աղքատ խավն է՛լ ավելի խոցելի կդառնա թմրամիջոցների օգտագործման, թմրանյութերի վաճառքի և գումար վաստակելու համար դրա արտադրության հարցում»։

Այս համատեքստում ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարչության գործադիր տնօրեն Գադա Վալին կոչ է արել «բոլոր կառավարություններին աջակցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին»:

Զեկույցի համաձայն՝ 2018 թվականին ամենատարածված թմրանյութը կանեփն է եղել: Կազմակերպության տվյալների համաձայն՝ երկու տարի առաջ աշխարհում թմրանյութի այս տեսակն օգտագործել է մոտ 192 միլիոն մարդ:

Նշվում է, որ ամենավտանգավոր թմրամիջոցներից են շարունակում մնալ ափիոնատիպ նյութերը, որոնց օգտագործմամբ պայմանավորված մահվան դեպքերի թիվն ավելացել է 71%-ով։

Զեկույցում նշվում է նաև, որ դեռևս համավարակի ազդեցությունն աշխարհում թմրամիջոցների շուկայի վրա բարդ է գնահատել, սակայն այն արդեն իսկ հանգեցրել է «փողոցներում թմրանյութերի անբավարարությանը և հետևաբար նաև գների թանկացմանը և դրանց որակի վատացմանը»։

«Հետևանքները կարող են նման լինել 2018 թվականի տնտեսական ճգնաժամին, որից հետո որոշները սկսեցին ավելի էժան սինթետիկ նյութեր օգտագործել: Կառավարություններն էլ, իրենց հերթին, կրճատեցին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ֆինանսավորումը»,- ասվում է զեկույցում: