Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունն իրենց դուրս են դրել օրենքի դաշտից, նրանց պատասխանատվությունն անխուսափելի է

Ռադիոտան գրավմամբ, ԱԺ-ը շրջափակելով և մի շարք այլ գործողություններով այլոց հետ միասին Հայաստանի Հանրապետության իշխանության բռնազավթումից հետո (ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդված) արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակեց իշխանության ուզուրպացիային նպատակաուղղված իր քայլերը:

Փաշինյանը 2019թ. կոչ անելով, կազմակերպելով, այլ անձանց, այդ թվում նաև` սորոսականների, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին շրջափակելով ՀՀ դատարանների շենքերը, բացահայտ ու կոպիտ ճնշում գործադրելով դատավորների վրա, որպեսզի նրանք կամ հրաժարական տան, կամ վախենան ու իրականացնեն իր և իր յուրայինների կամքը, կատարեց մի գործողություն, որը դժվար է այլ կերպ բնութագրել, քան սահմանադրական կարգի տապալում կամ, առնվազն, դրան նպատակաուղղված քայլ, այսինքն` ՀՀ սահմանադրական կարգի տապալման հանցափորձ (ՀՀ քրեական օրենսգրքի 34-300.1 հոդված):

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` սահմանադրական կարգը տապալելը Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի («Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը») համաձայն` Պետական իշխանությունն իրականացվում է «Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»:

Տվյալ դեպքում Փաշինյանի և այլոց կողմից ոտնձգություն կատարվեց ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի նկատմամբ, որը, սակայն, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու գլխավոր դատախազությունը չտեսնելու տվեցին:

Վերոնշյալ արարքն ևս, ինչպես ասում են, մարսելուց հետո փաշինյանական իշխանությունը կատարեց հաջորդ քայլը` դրան մասնակից դարձնելով նաև իր կամքը կատարող ՀՀ նախագահին:

ՀՀ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներ, որոնց կողմ քվեարկությամբ 2020 թվականի փետրվարի 6-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը համապատասխան փաստաթղթով ՀՀ նախագահին է ուղարկել վերոնշյալ որոշումը, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թ. փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը, իր 09.02.2020 թ. հրամանագրով նշանակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, թույլ են տվել եթե ոչ ՀՀ սահմանադրական կարգի տապալման նախապատրաստում (դա մասնագետները կորոշեն), ապա Սահմանադրության պահանջների ակնհայտ և կոպիտ խախտում:

Մինչև «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հիշյալ որոշման նախագծի ընդունումը, ինչը ԱԺ-ի իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների «կողմ» ձայներով կատարվեց ս. թ. փետրվարի 6-ին, տվյալ նախագծի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան չդիմելը ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի ակնհայտ ու կոպտագույն խախտում է Ազգային ժողովի համապատասխան պատգամավորների և ԱԺ-ի նշված հակասահմանադրական որոշումը ստորագրած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։

ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջի համաձայն, «Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով» (ընդգծումները` մերը): Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում ԱԺ-ն ոչ թե կարող է դիմել կամ իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, այլ դիմում է, այսինքն` պետք է պարտադիր դիմի, ՍԴ դիմելը նրա ոչ թե լիազորությունն է, այլ պարտականությունը:

ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի («Սահմանադրական դատարանի լիազորությունները») ու դրա 2-րդ կետի դարձյալ իմպերատիվ պահանջի համաձայն, Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ «մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»:

Վերը նշվածով փաստվում է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի և 168-րդ հոդվածի 2-րդ կետի իմպերատիվ պահանջները:

«Իմ քայլը» խմբակցությանպատգամավորները փաստացի դեմ են գնացել սահմանադրի կամքին։ Սահմանադիրը ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Թեև ԱԺ-ն ֆորմալ առումով ունի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու լիազորություն, սակայն նախատեսված փոփոխությունները (տվյալ դեպքում` փոփոխությունը) չպետք է վիժեցնեն սահմանադրաիրավական պատվիրանների իմաստը և բովանդակությունը, չպետք է կատարվեն Սահմանադրության պահանջների խախտմամբ:

ՀՀ Սահմանադրության հոդված 123-ի («Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները») համաձայն, «Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»:

Այս վերջինն ևս Սահմանադրության իմպերատիվ պահանջն է, ենթակա պարտադիր կատարման, Սահմանադրության պահպանմանը հետևելը ՀՀ նախագահի ոչ թե իրավունքը, այլ պարտականությունն է։ ՀՀ նախագահի սահմանադրական գործառույթները (լիազորությունները) չեն սահմանափակվում միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով, Սահմանադրության 123-րդ հոդվածի իմպերատիվ պահանջը կատարելու համար, նա ՀՀ Սահմանադրության հոդված 169-ի («Սահմանադրական դատարան դիմելը»), մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 168-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում լիազորություն ուներ դիմելու ու պե՛տք է դիմեր ՀՀ Սահմանադրական դատարան, ինչը չանելով և 09.02.2020թ. իր հրամանագրով հանրաքվե նշանակելով, նա նույնպես մասնակից է դարձել Հայաստանի Հանրապետության եթե ոչ սահմանադրական կարգի տապալման նախապատրաստությանը, ապա Սահմանադրության պահանջների ակնհայտ ու կոպիտ ոտնահարմանը: Նկատի ունենանք, որ հիշյալ պատգամավորների, ԱԺ և ՀՀ նախագահների վերոնշյալ գործողությունների արդյունքում նույնպես վտանգի տակ է հայտնվել նաև ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը:

Եվ, ահա, երեկ փաշինյանական իշխանությունը (կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, թե առանց Փաշինյանի գիտության և կամոք) կատարեց Սահմանադրական դատարանը զավթելուն, այսինքն` ՀՀ Սահմանադրական կարգը տապալելուն նպատակաուղղված քայլ:

Ինչպես արդեն հայտնի է, Ազգային ժողով կոչվածի «Իմ Քայլը» իշխող խմբակցությունը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին, որի համաձայն, սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Փաստն այն է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Սահմանադրական դատարան չի ներկայացվել և ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

ԱԺ իշխող խմբակցության վերոնշյալ հակասահմանադրական քայլի կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում երեկ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

առիթ ունեցել եմ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև։

Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում։

Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների դեմ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ սանձազերծված խայտառակ ճնշումներից և տապալված հանրաքվեից հետո, նրա ցուցումով ԱԺ նիստի այսօրվա օրակարգ է ներառվել մի նախագիծ, որը իշխանության զավթման շատ կոնկրետ հանցակազմ է պարունակում։ Նիկոլ Փաշինյանը գնում է խմբակային հանցագործության, ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի։

Հարգելի՜ պատգամավորներ,

չկարծեք, թե Սահմանադրության 96-րդ հոդվածը (այն է՝ պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար) կարող է պաշտպանել ձեզ ձեր իսկ քվեարկությամբ ծանր հանցագործություն կատարելու հետևանքներից։

Ուստի հորդորում եմ ձեզ զերծ մնալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհավասարակշիռ մարդու ապօրինի հրահանգները կատարելուց։

Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները, վստահեցնում եմ, շատ ծանր են լինելու՝ առաջին հերթին մեր պետության, ապա նաև անձնապես ձեզնից յուրաքանչյուրի համար։ Դուք ձեր այսօրվա քվերակությամբ կիսելու եք Նիկոլ Փաշինյանի արարքների քրեական և քաղաքական պատասխանատվությունը։ Լավ մտածե՛ք։

Հարգելի գործընկերներ,

ստեղծված իրավիճակից ելնելով՝ «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և այդ նպատակով սկսում ենք շտապ խորհրդակցություններ՝ պետության ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերի հետ»։

Հայտարարությունը ստորագրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը: Ամեն ինչ շատ ճիշտ է ասված, միայն թե «Հայրենիք» կուսակցության զգուշացումն ու կոչը վերաբերելի են նաև ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին:

Երեկ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ.

1.օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը,

2.օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք ճյուղերից մեկի՝ դատական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, ինչը առերևույթ առաձնապես ծանր հանցագործության տարրեր է պարունակում:

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը:

Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»:

Փաշինյանը և փաշինյանական իշխանությունը, ներառյալ` Ազգային ժողով կոչվածը, վերոնշյալ քայլերով իրենց դուրս են դրել օրենքի դաշտից, հետևաբար նրանց նկատմամբ գրեթե ցանկացած գործողություն` այն կատարվի այսօր, վաղը, թե հետո, ունի իրավական և քաղաքական լիարժեք հիմնավորում ու ներկայացվելու է այդ հիմնավորմամբ: Թող սրանում որևէ մեկը` Հայաստանում թե Հայաստանից դուրս, հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում, մազաչափ անգամ կասկած չունենա:

Արթուր Հովհաննիսյան