«Լուսավոր Հայաստան»` իրակա՞ն, թե կեղծ ընդդիմություն. ժամանակը եկել է այս հարցին պատասխանելու

Իսկապե՞ս, պարոն Մարուքյան… Կարո՞ղ է ձեր ունեցած Սահմանադրությունը ոչ թե ՀՀ-ինն է, այլ, ասենք, Մոզամբիկինը կամ Ուգանդայինը…

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը ՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»:

Ազգային ժողովի պատգամավորների քանակը 131-ն է, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների քանակն ընդամենը 25-ը, հետևաբար ԱԺ ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրություններն ունենալու համար անհրաժեշտ է առնվազն ևս երկու պատգամավորի ստորագրություն:

Թեև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ամենայն հավանականությամբ, նույնպես կմիանա իր գործընկերների նախաձեռնած ստորագրահավաքին, սակայն, միևնույն է, մեկ պատգամավորի ստորագրություն պակասում է, հետևաբար Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշման առնչությամբ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ ստորագրությունները լրացնելու հարցը կախված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկուզ մեկ պատգամավորի որոշումից, իսկ ավելի ճիշտ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի որոշումից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ ստորագրությունների հենց այդ պակասը լրացնելու ու դրանով իրենց վերոնշյալ նախաձեռնությանը միանալու նպատակով է դիմել «Լուսավոր Հայաստան» կուսակցության իր գործընկերներին:

Հարկ է նշել, որ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը հունիսի 22-ի իր հայտարարությամբ ողջունելով, «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը հիշյալ նախաձեռնությանը միանալու հորդորով դիմել է նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը:

Նույն օրն ուշ երեկոյան հանդես գալով հայտարարությամբ, Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» նորաստեղծ կուսակցության խորհուրդն ակնկալություն և հույս է հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կմիանա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հիշյալ նախաձեռնությանը: «Հայրենիք» կուսակցության խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումը։

Մենք արձանագրում ենք, որ քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թույլ տվեց ամենավտանգավոր արարքը, սահմանադրական հեղաշրջում իրագործելով եւ դրանով հիմքեր ստեղծելով իրավական պետության ամբողջական ոչնչացման համար։

Խորհրդարանական մեր մյուս գործընկեր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ակնկալում ենք, որ կմիանա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը։ Միաժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար Սահմանադրական դատարան հնարավոր է դիմել ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերը, որոնք դրա համար ապահովում են լիարժեք եւ սպառիչ հնարավորություններ։ Հույս ենք հայտնում, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կմիանա ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, ապահովելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի պահպանումը, պաշպանելով հանրության օրինական շահերն ու ժողովրդավարության կարեւորագույն արժեքները»։

Միանգամայն իրավացի է «Հայրենիք» կուսակցության խորհուրդը, որ սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար Սահմանադրական դատարան հնարավոր է դիմել ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերը, որոնք դրա համար ապահովում են լիարժեք և սպառիչ հնարավորություններ։ Լիովին հասկանալի է նաև, թե կուսակցության խորհուրդն ինչու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ուշադրությունը հրավիրել վերոնշյալ հանգամանքի վրա: Սակայն, արի ու տես, որ «Լուսավոր Հայաստանը» կամ, ավելի ճիշտ, նրա առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել էր, որ Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ԱԺ պատգամավորներին այդ հարցով դիմել ՍԴ: Իսկապե՞ս, պարոն Մարուքյան… Այդ ինչի՞ հիման վրա եք նման հայտարարություն արել, կարո՞ղ է ձեր ձեռքի տակ եղած Սահմանադրությունը, ի տարբերություն մեր ունեցածի, ոչ թե Հայաստանի Հանրապետությանն է, այլ, ասենք, Մոզամբիկինը կամ Ուգանդայինը, եթե, իհարկե, այդ պետություններն ունեն Սահմանադրություն (մենք չգիտենք, դուք հավանաբար կիմանաք): Ակնկալում ենք ձեր հրապարակային բացատրությունն ու հիմնավորումները:

Արթուր Հովհաննիսյան