Նոր կորոնավիրուսով հիվանդացածների քանակի պաշտոնական թվերն ուռճացված չեն, հակառակը` նրանք այդ թվերից ավելին են

Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ի հայտ գալուց որոշ ժամանակ հետո հանրության շրջանում սկսվեց այն հարցի քննարկումը, թե արդյոք ճի՞շտ են ՀՀ-ում COVID-19 հաստատված դեպքերի ու նշված հիվանդությունից մահացածների քանակների վերաբերյալ պաշտոնապես հրապարակվող թվերը: Վերջին շրջանում նշված հարցի շուրջ քննարկումները, բանավեճերը մեծ թափ են ստացել, դարձել առավել բուռն ու մասշտաբային, բազմաթիվ մարդիկ կասկածներ են հայտնում…

Հանրության շրջանում վերոնշյալ հարցի շուրջ դիրքորոշումները բաժանվում են 3 խմբի. Մարդկանց մի մասն անվերապահ հավատում է պաշտոնապես հրապարակվող թվերին ու դրանք բացարձակապես կասկածի տակ չի դնում, մյուս մասը, ընդ որում, ցավոք, մեծ մասը հիվանդների ու մահացածների քանակների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը համարում է միտումնավոր ուռճացված, մարդկանց մի մասն էլ կարծում է կամ նույնիսկ համոզված է, որ հրապարակվող պաշտոնական տեղեկատվությունն ամբողջապես չի արտահայտում Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդների և COVID-19-ից մահացածների իրական քանակները:

Մեր «Արդյոք ճի՞շտ են, ուռճացված չե՞ն Հայաստանում COVID-19-ով հիվանդների ու մահացածների քանակի վերաբերյալ պաշտոնական թվերը» և «Մի՛ հավատացեք նոր կորոնավիրուսի առնչությամբ մեր ազգային անվտանգությանը սպառնացող կեղծիքներին» արդեն իսկ անդրադարձել ենք պաշտոնական տեղեկատվության նկատմամբ հասարակության մի մասի անվստահության խնդրին և փաստերով հերքել հասարակության մի մասի կողմից իր անգիտության ու չտրամաբանելու հետևանքով, ոմանց կողմից էլ միտումնավոր տարածվող այն կեղծիքը, թե մեր երկրում COVID-19-ից մահացածների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունն ուռճացված է:

Հավելենք, որ կեղծիք են նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և, ընդհանրապես, հասարակության շրջանում տարածվող այն տեղեկությունները, թե ուռճացված են Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդների քանակի վերաբերյալ պաշտոնական թվերը: Այդ կեղծիքը տարածողներն իրենց տեսակետը հիմնավորելու համար ներկայացնում են բացարձակապես անհիմն, որևէ ապացույց չունեցող տեղեկություններ, հետևաբար թողնենք այդ բամբասանքները մի կողմ և անդրադառնանք նրանց ներկայացրած միակ պարզունակ փաստարկին` քանի որ մեր շրջապատում, այն մարդկանց շրջանում, որոնց հեռվից թե մոտիկից ճանաչում ենք, չկան նոր կորոնավիրուսով հիվանդներ, ապա Հայաստանում COVID-19 հաստատված դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունն ուռճացված ու կեղծ է:

Մարդկանց այս մեծաթիվ խումբը, ցավոք, չի էլ փորձում հաշվի նստել առկա փաստերի, թվերի, իրողությունների հետ ու դրանց սեփական վերլուծությունը կատարել տրամաբանության հիման վրա: Միգուցե պատճառն այն է, որ զո՞ւրկ է բավարար տրամաբանությունից… Կամ էլ իրեն «նեղություն» չի տալիս դույզն ինչ մտածելու, նախընտրելի համարելով բակերում, «բիսեդկաներում» նարդի շրխկացնելը, բլոտ խաղալը, պատերի տակ բամբասելը, կանանց պարագայում` հնդկական հեռուստասերիալ դիտելը, բամբասելը սուրճի սեղանի շուրջ և այլն: Մինչդեռ…

Հայաստանի Հանրապետության պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում» այսօր` հունիսի 22-ին, ժամը 11-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 20 588-ի, փաստացի բուժվողները 10 980-ն են, COVID-19-ից մահացածները` 360-ը:

Դժվար չէ մի պարզունակ թվաբանական հաշվարկ կատարել ու համոզվել, որ Հայաստանի բնակչության (այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, կազմում է 2 956 900 մարդ) մեկ տոկոսը կազմում է 29 569 հոգի, այսինքն` մինչ այսօր ժամը 11-ը ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը` 20 588, ՀՀ բնակչության նույնիսկ 1 տոկոսը չի կազմում, մոտ 0.7 տոկոսն է: Հետևաբար շատ հավանական է, որ մեզանից շատ-շատերն անձամբ չիմանան, չճանաչեն իրենց շրջապատում, ներառյալ` շենքում, թաղամասում մինչ այժմ նոր կորոնավիրուսով հիվանդացած որևէ մեկին, ինչը, սակայն, բնավ չի նշանակում, թե նրանց քանակի վերաբերյալ պաշտոնական թվերն ուռճացված են:

Անձամբ իմ շրջապատում, այն մարդկանց շրջանում, որոնց պարզապես հեռավոր կերպով ծանոթ եմ, գիտեմ անվանապես, դեմքով եմ ճանաչում, գիտեմ որտեղ են ապրում, արդեն կան նոր կորոնավիրուսով հիվանդացած 5 և COVID-19-ից մահացած 2 հոգի, եթե ձեր շրջապատում դեռ չկան այդպիսիք, ապա որևէ կասկած չունենաք, որ հանրապետությունում COVID-19 դեպքերի քանակի աճին զուգընթաց, շուտով կլինեն: Մանավա՛նդ, որ դեպքերի քանակի վերաբերյալ պաշտոնական թվերի ուռճացված լինելու մասին կեղծ տեղեկությունների տարածումն ուղղակիորեն նպաստում է այդ աճին, քանի որ մեր հասարակության մի մասին դրդում է թերագնահատել վտանգը, շնչադիմակ չօգտագործել, սոցիալական հեռավորություն չպահպանել: Եվ սա` այն պարագայում, երբ COVID-19 դեպքերի քանակի, ամենայն հավանականությամբ, նաև COVID-19-ից մահացածների քանակի վերաբերյալ պաշտոնական թվերը իրականությունից դեռ մի բան էլ փոքր են:

Նլատի ունենանք, որ վերոնշյալ 20 588-ը սոսկ հաստատված, թեստով կամ լաբորատոր հետազոտությամբ պարզված դեպքերի քանակն է, մինչդեռ, ինչպես արդեն նշել ենք, քանի-քանի հիվանդներ ընդհանրապես չեն թեստավորվել, չեն հոսպիտալացվել, մինչև իսկ չեն մեկուսացվել, հիվանդությունը տարել են թեթև, ոտքի վրա, տանը, իսկ ոմանք նույնիսկ չեն էլ իմացել, որ հիվանդ են COVID-19-ով, ոմանք այդ առումով ընդամենը կասկած են ունեցել: Սա մի թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան