ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին լրագրողների և քաղաքացիների հանդեպ (տեսանյութ)

ԱԱԾ-ից Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո ոստիկանները անցել են ագրեսիվ գործողությունների՝ բիրտ ուժ կիրառելով ոչ միայն ԲՀԿ նախագահի համակիրների, այլև այնտեղ գտնվող բազմաթիվ լրագրողների և օպերատորների հանդեպ: Իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանները սկսել են քաշքշել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող մեր գործընկերներին՝ այդ թվում նաև «Էպիկենտրոն»-ի նկարահանող խմբերին: Այդ ընթացքում ոստիկանները հորդորել են լրագրողներին ու ԲՀԿ նախագահի համակիրներին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը, միաժամանակ, սակայն, սկսել անսպասելի գործողություններ՝ օղակի մեջ առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Բիրտ ուժ է կիրառվել նաև Ծառուկյանի աջակիցների և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների նկատմամբ: Ոստիկանական գործողության հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի լրագրող, վնասվել են տեսախցիկներ, կորել է նաև PARA.TV-ի ուղիղ հեռարձակման սարքը: